ԼԵՆԻՆԱԿԱՆ

ԼԵՆԻՆԱԿԱՆ (Կումայրի, մինչև 1837-ը՝ Գյումրի, 1837-ից՝ Ալեքսանդրապոլ, 1924-ից՝ Լենինական), քաղաք Հայկական ՍՍՀ–ում:
Ընդհանուր տեղեկություններ: Բնակչությունը: Քաղաքային բնակավայր է 1840-ից, հանրապետական ենթակայության քաղաք՝ 1926-ից: Հեռավորությունը Երևանից 126 կմ է: Բնակչության թվով, արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալով, մշակութային ու գիտական նշանակությամբ Հայկական ՍՍՀ երկրորդ քաղաքն է: Տարածքը 3626 հա է, բնակչությունը՝ 198 հզ. (1978): Գտնվում է հայկական ՍՍՀ հս–արմ–ում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա: Արմ. մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից: Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300–350 մ հզորության լճագետային ու հրաբխային նստվածքներով: Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 7°C է, հունվարինը՝ –8°C (նվազագույնը՝ –35°C), հուլիսինը՝ 20°C (առավելագույնը՝ 34°C): Տարեկան տեղումները 500 մմ են: Գտնվում են 8–9 բալանոց սեյսմիկ գոտում: Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1926-ի հոկտ. 22-ին:
Բնակչության 94,8%-ը հայեր են: Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ: 1831-ին ուներ 3444, 1914-ին՝ 51316, 1923-ին՝ 58630, 1926-ին՝ 42385, 1935-ին՝ 78500 բնակիչ, 1939-ին՝ 67700: 1926–78-ին բնակչությունն ավելացել է մոտ 5 անգամ: 1977-ին ժողտնտեսության տարբեր բնագավառներում զբաղված էր շուրջ 80 հզ. մարդ:
Պատմական ակնարկ: Լ. Սովետական Միության հնագույն բնակավայրերից է: Հիև և միջին դարերում կոչվել է Կումայրի: Ըստ Ղևոնդ պատմիչի, արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժող. հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում: Տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնցից արժեքավոր են ներկայիս մսի կոմբինատի շրջագծում գտնվող հնագույն բնակատեղին և Կումայրի ամրոց–բնակատեղին (քաղաքի հվ. և հս–արմ. ծայրամասերում): Դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնվել են մ. թ. ա. II հազարամյակի բրոնզե իրեր, իսկ 1908-ին՝ մ. թ. ա. X–IX դդ. երկաթե ապարանջաններ ու դանակներ: Առաջին լուրջ հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1928-ին՝ Լ–ի ավազահանքերում. «Կազաչի պոստ»-ում հայտնաբերվել են բրածո կենդանիների (երրորդական շրջանի վերջի, չորրորդականի սկզբի) մնացորդներ (փղի, նախնադարյան ձիու, ցուլի, ուղտի, եղջերվի, ռնգեղջյուրի): 1941-ին, հողային աշխատանքների ժամանակ, մսի կոմբինատի տարածքում գտնվել է մամոնտի կողոսկր: 1929-ին Լ–ում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ. թ. ա. XI–IX դդ.: 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պկղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքի գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր): 1943-ին այդ բնակատեղիում և նրան կից դամբարանադաշտում պեղումներ է կատարել ՀՍՍՀ մշակույթի պատմության ինստ–ի արշավախումբը՝ Ա. Քալանթարի ղեկավարությամբ: Առանձնապես արժեքավոր են բնակատեղիում բացված՝ վաղ երկաթի դարի ձուլման արհեստանոցը (կենտրոնում՝ մոխրով լցված վառարան, կողքին՝ խարամի կույտ) և կացնի ձուլման կաղապարը: Հիմնահողային և սալարկղային դամբարաններից, ուր կատարվել են առանձին և խմբային թաղումներ, հանվել են բրոնզե, կավե և քարե իրեր, որոնց մեջ գերակշռում են գետաքարից և ծակոտկեն բազալտից պատրաստված աշխատանքի գործիքները: Դրանք բնորոշ են հիմնականում ուշ բրոնզի դարից վաղ երկաթի դարին անցման ժամանակաշրջանին (մ. թ. ա. X–IX դդ.): 1952-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի արշավախումբը, Տ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բացել է տուֆի և բազալտի կոպիտ, խոշոր կտորներից շարված պատերով, կավածեփ, քառանկյունի բնակարանների հիմքեր և 14 քարարկղային դամբարան: Գտնված առարկաների (կավամաններ, բրոնզե և երկաթե ապարանջաններ, բրոնգալարից մատանիներ են) մի մասը վերաբերում են մ. թ. ա. VIII–VII դդ.: Լ–ում հայտնաբերվել է նաև ուրարտական արձանագրություն, որը տեղեկություններ է պարունակում Էրիախի երկրի և նրա բնակավայրերի մասին: 1970-ին Կումայրի–ամրոց բնակատեղիում գտնված նյութերը վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակից մինչև միջնադարն ընկած ժամանակաշրջանին: Նույն ժամանակաշրջանն ընդգրկող նյութեր են պեղվել նաև թռչնաֆաբրիկայի տարածքում (1971-ին): Լ–ում բացվել են հիմնահողային, սալարկղային, քարարկղային դամբարաններ, դամբարանաբլուրներ, կրոմլեխներ, որոնք պարունակում են մ. թ. ա. X–VII, մասամբ՝ VII–VI դդ. նյութեր: Հնագիտական նյութերի մեջ գերակշռում են ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամանները, աշխատանքի բրոնզե և երկաթե գործիքները, զենքերն ու զարդերը: Դրանց մեջ առանձնապես ուշագրավ են թևավոր գառնանգղի և սրբազան ծառի պատկերով՝ նախշազարդ ուրարտական բրոնզե գոտին և կոլխիդաոբանյան տիպի կացնակը: Առանձին խումբ են կազմում մածուկից, ագատից, սարդիոնից և այլ քարերից պատրաստված ուլունքները: Բոլոր այդ նյութերը զուգահեռներ ունեն Հայաստանի և շրջակա երկրամասերի հնավայրերից հայտնաբերվածների հետ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի հնագույն բնակիչները հաղորդակցվել են շրջակա երկրամասերի հետ: Լ–ի հնագիտական նյութերի մեծ մասը պահպանվում են տեղի երկրագիտական թանգարանում:
1804-ին Գյումրին գրավել են ռուսները: Ռուսաստանին միանալը դրական դեր է ունեցել քաղաքի հետագա զարգացման համար: 1829–30-ին Արևմտյան Հայաստանից գաղթած կարսեցի ու կարնեցի (էրզրումցի) մեծ թվով հայ ընտանիքներ հաստատվեցին Գյումրիում: Առաջացան ուրույն ավանդույթներով և օրենքներով արհեստավորական համքարություններ: 1837-ին, ռուս. ցար Նիկոլայ I-ի այցելությունից հետո, Գյումրին վերածվեց բերդ–ամրոցի, ապա նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվեց Ալեքսանդրապոլ: 1849-ին Շիրակում կազմվեց Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով: Վերջինս գլխավոր պրիստավի (գավառապետի) «աթոռանիստն էր», Անդրկովկասի ռուս. զորքերի կարևոր ավանպոստը: Ստեղծվեցին ռազմ. ամրություններ, զինվորական ավաններ («Սևերսկի», «Պոլիգոններ», «Կազաչի պոստ»): Երկաթուղու կառուցումից (1899) հետո Ալեքսանդրապոլը Արևելյան Հայաստանում դարձավ նշանավոր քաղաք, երկաթուղային կարևոր հանգույց, առևտրական (XIX դ. վերջին քաղաքում կար 430 խանութ ու կրպակ), արհեստավորական, ռազմա–ստրատեգիական և մշակութային կենտրոն: Քաղաքը հայտնի էր գուսաններով, ժող. երգիչներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ և ուրիշներ), ինչպես նաև եկեղեցիներով (նշանավոր է Ս. Փրկչի եկեղեցին, XIX դ.): Գործում էին օրիորդաց գիմնազիա, առևտրական ուսումնարան, ծխական ու մասնավոր դպրոցներ, տպարաններ, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, տրվում էին թատերական ներկայացումներ: 1912-ին, առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը: 1902-ին բացվեց քաղաքային բանկը:
1913-ին հիմնվել է ջուլհականոց, սպիրտի 3 ձեռնարկություն, չուգունի ձուլարան և մեխանիկական գործարան: Մինչև սովետական կարգերի հաստատվելը քաղաքում կար 31 տնայնագործական ձեռնարկություն (օճառի, կաշվի, գարեջրի, աղյուսի, կրի, բրուտագործական, ձիթհան, ալրաղաց ևն):
Լ. ունի հեղափոխական հարուստ ավանդույթ: Քաղաքի երկաթուղայինները, սերտ կապերի մեջ գտնվելով Անդրկովկասի բանվորական կենտրոնների և ռուս, կայազորի զորամասերում գործող բոլշևիկների հետ, դեռես դարասկզբին ստեղծեցին առաջին սոցիալ–դեմոկրատական խմբակները (1902-ին կայազորում, 1903-ին՝ քաղաքում): Սրանց միավորումից 1905-ին ստեղծվեց Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը՝. 1905–07-ին ռուսական առաջին հեղափոխությանը Ալեքսանդրապոլի (Լենինականի) բոլշևիկները արձագանքեցին գործադուլային պայքարով: Նրանց ղեկավարությամբ անցան 1905-ի մարտին և ապրիլին դեպոյում և երկաթուղային հանգույցում բռնկված բանվորական գործադուլները: Բոլշևիկների ղեկավարությամբ քաղաքի երկաթուղայինները կազմակերպված մասնակցեցին հոկտեմբերյան համառուսաստանյան քաղաքական գործադուլին (1905): 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո երկրի մյուս արդ. կենտրոնների օրինակով Ալեքսանդրապոլում ստեղծվեց բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետ, որտեղ աչքի ընկնող դեր էին խաղում բոլշևիկները (տես Ալեքսանղրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետ): 1917-ի հուլիսին, համաքաղաքային ժողովում, բոլշևիկները կազմակերպչորեն անջատվեցին մենշևիկներից և ստեղծեցին ինքնուրույն ՌՍԴԲ(բ)Կ կազմակերպությունը: 1920-ի մայիսին Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար առաջինը ապստամբության դրոշ բարձրացրին Ալեքսանդրապոլի բոլշևիկները (տես Մայիսյան ապստամբություն): Ապստամբության պարտության, ինչպես նաև թուրք. օկուպացիայի (1920-ի նոյեմբեր – 1921-ի մարտ) հետևանքով կազմակերպությունը ծանր հարված ստացավ: Չնայած դրան, այն շարունակեց գործել մինչև սովետական իշխանության հաստատումը:
1921-ի ապրիլին տեղի ունեցավ l-ի կոմունիստական կազմակերպության I քաղաքային կոնֆերանսը, որին մասնակցեց 32 պատգամավոր: Լ–ի քաղաքային կուսակցական կազմակերպությունը, մինչև 1930-ի վարչա–տերիտորիալ բաժանումը, կազմակերպչորեն ենթարկվում էր համանուն գավառային կազմակերպությանը: Մինչև 1978-ի հունվարը կայացել է կազմակերպության 29 կոնֆերանս: 1978-ի հունվ. 1-ի դրությամբ գործում էր 250 սկզբնական կուսակցական կազմակերպություն՝ 8783 կոմունիստով, և 220 ԼԿԵՄ կազմակերպություն՝ 26967 կոմերիտականով:
1941–45-ին շուրջ 8 հզ. լենինականցիներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից մոտ 3 հզ. զոհվել է մարտերում: Արիության, խիզախության, հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու համար բազմաթիվ լենինականցիներ արժանացել են մարտական շքանշանների ու մեդալների, իսկ Աշոտ Ամատունին, Արտյոմ Պետրոսյանը և Արամայիս Պողոսյանը՝ Սովետական Միության հերոսի կոչման:
Սովետական կարգերի հաստատումից հետո Լ–ում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ–տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, կարի, փայտամշակման, ապակու ևն): Քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում է մոտ 40 հզ. բանվոր–ծառայող, թողարկվում է ավելի քան 700 տեսակ արդ. ապրանք 370 մլն ռուբլու ընդհանուր արժեքով (1977): Տնտեսության առաջատար ճյուղը թեթև արդյունաբերությունն է՝ հատկապես բամբակե գործվածքեղենի արտադրությունը (տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%-ը): Միավորում է 11 ձեռնարկություն, այդ թվում՝ Մայիսյան ապստամբության անվ. Լենինականի տեքստիլ կոմբինատը (տես Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում մայիսյան ապստամբության անվան), Վ. Չկալովի անվ. կարի և «Արշալույս» գուլպա–նասկեղենի արտադրական միավորումները, Լուկաշինի անվ. մանարանը, տրիկոտաժի ֆաբրիկաները: Լ. ՍՍՀՄ տեքստիլ արդյունաբերության կարևոր կենտրոններից է և ամենախոշորը Հայկական ՍՍՀ–ում: Հանրապետությունում առաջինը Լ–ում հիմք դրվեց տրիկոտաժեղենի արդյունաբերությանը: 1924-ին «Մեղու» արտելի բազայի վրա ստեղծվեց գուլպա–տրիկոտաժեղենի առաջին ֆաբրիկան, որն այժմ հանրապետության թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից է: Կարևոր ճյուղերից են նաև կոշիկի ու կարի արդյունաբերությունը: Լ. Մեքենաշինական կարևոր կենտրոն է. տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 22,8%-ը (1977): Գործում է 13 մեքենաշինական գործարան: Առաջատար ճյուղերն են էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունը: Խոշոր ձեռնարկություններից են հղկող հաստոցների, դարբնոցա–մամլիչային սարքավորումների, էլեկտրատեխնիկական, միկրոէլեկտրաշարժիչների, կենցաղային էլեկտրասարքավորումների, «Ստրոմմաշինա» սարքաշինական գործարանները: Ստեղծվել է կենտրոնական ձուլարան: Գործում են երկաթուղու շարժական կազմի վերանորոգման, դարբնոցա–մամլիչային սարքա–
վորումներ, քարհատ ու քար մշակող մեքենաներ արտադրող ձեռնարկություններ: Զարգացած է սննդի արդյունաբերությունը (քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 17,4 %-ը, 1977): Կան մսի պահածոների, հրուշակեղենի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, կաթի, հացի երկու և այլ ձեռնարկություններ: Կարևոր տեղ ունի Լենինականի մսի–պահածոների կոմբինատը: Արդյունաբերության մյուս ճյուղերից են շինանյութերի (երկաթբետոնե կոնստրուկցիաներ, շինաքար), փայտամշակման, ապակու արտադրության ձեռնարկությունները: Արդ. ապրանքների շատ տեսակներ առաքվում են հանրապետությունից դուրս, իսկ 40 արտադրատեսակ՝ արտահանվում արտասահմանյան 35 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, ԳՖՀ, Ֆինլանդիա, ԳԴՀ, Չեխոսլովակիա:
Լ. տրանսպորտային կենտրոն է, Անդրկովկասի երկաթուղային տրանսպորտի խոշոր հանգույցներից մեկը (տես Լենինականի երկաթուղային հանգույց): Լ–ով են անցնում Հարավ–անդրկովկասյան՝ Թբիլիսի–Երևան–Բաքու երկաթուղային մայրուղին, Լենինական–Արթիկ–Մարալիկ և Լենինական–Կարս երկաթուղիները: Լ–ից ճառագայթաձև դուրս է գալիս ավտոճանապարհային 7 մայրուղի (Լենինական–Աշտարակ–Երևան, Լենինական–Հոկտեմբերյան–Երևան, Լենինական–Ստեփանավան–Թբիլիսի, Լենինական–Կիրովական–Դիլիջան, Լենինական–Ամասիա–Ախալքալաք, Լենինական–Ախուրիկ, Լենինական–Կարս), որոնք Լ. միացնում են հանրապետության բոլոր շրջանների և հարևան հանրապետությունների, ինչպես նաև Թուրքիայի հետ: Լ. օդային տրանսպորտով և ավտոբուսային երթուղիներով կապված է ՀՍՍՀ և հարևան հանրապետությունների մի շարք քաղաքների հետ (Երևան, Սոչի, Թբիլիսի, Կրասնոդար, Նալչիկ, Բաթում, Սուխում, Ախալքալաք, Մառնեուլ): Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է ժամանակակից քաղաքային տրանսպորտ: Գործում են տրոլեյբուսի (5 երթուղի, 49 կմ միակողմանի գծերով), ավտոբուսի, միկրոավտոբուսների երթուղիներ (ներքաղաքային, միջքաղաքային) և ավելի քան 300 տաքսիներ, որոնք տարեկան փոխադրում են մոտ 40 մլն ուղևվոր:
Լ–ում գործում են կապի 21 բաժանմունք, հեռախոսակայաններ (մոտ 15 հզ. աբոնենտ), ռադիոհաղորդումների և հեռուստատեսության հանգույցներ:
Լ–ի 5 արդյունաբերական ձեռնարկություն պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով, քաղաքի 9 առաջավոր կոլեկտիվ ետպատերազմյան տարիներին շուրջ 70 անգամ արժանացել է համամիութենական սոցմրցման հաղթողի փոխանցիկ դրոշների, դիպլոմների կամ պատվոգրերի, 17-ը՝ հանրապետական սոցմրցման շուրջ 250 դրոշի, դիպլոմի կամ պատվոգրի: Լ–ի արդյունաբերական ձեռնարկությունների ու հիմնարկների շուրջ 26 հազար առաջավոր պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով, իսկ 6 լավագույնները՝ հրահանգիչ–մեքենավարներ Անդրանիկ Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանը, երկաթուղային հանգույցի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, ջուլհակուհի Աստղիկ Պետրոսյանը, հրահանգիչ ենթավարպետ Գարեգին Տոնոյանը, արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Տեքստիլ կոմբինատի ենթավարպետ Միհրան Ստեփանյանը դարձել է ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
1936-ից Լ–ում ստեղծվել է պետ. տնկարան, որը ցրտադիմացկուն տնկիներ է մատակարարում հանրապետության լեռնային շրջաններին:
Լ–ում են տեղաբաշխված Շիրակի նյութատեխնիկական, մատակարարման և բաշխիչ բազաները: Շիրակի բնակչությունը օգտվում է Լ–ի մշակութային, առողջապահական, կուլտուր–կենցաղային և մյուս հիմնարկ–ձեռնարկությունների ծառայություններից: Գործում է մանրածախ առևտրի 500 խանութ–կրպակ, հասարակական սննդի 200 ձեռնարկություն:
1977-ին քաղաքի բնակելի ֆոնդը մոտ 1800 հզ. մ2 էր, որից պետականը՝ 1300 հզ. մ2: Լ. ունի ժամանակակից էլեկտրա–գազաջրամատակարարման խիտ ցանց: Բնակելի ֆոնդի 92,4%-ը ապահովված է ջրատար ցանցով, 89,4%-ը՝ կոյուղով, 99%-ը գազաֆիկացված է: 1940-ին ջրատար ցանցի երկարությունը 10,6 կմ էր, 1975-ին՝ 258 կմ: 1939–41-ին և 1974-ին կառուցված ջրատարներով Լ. ջուր է ստանում նաև Ղազանչիից: 1924-ին Լ–ում կար 1 հիվանդանոց, 1 ծննդատուն: 1977-ին գործում էր 25 բուժ. հիմնարկ, այդ թվում 8 հիվանդանոց (1190 մահճակալով), 1 ծննդատուն (200 մահճակալով), 5 մասնագիտացված դիսպանսեր (345 մահճակալով), 15 դեղատուն: Լ. առողջարանային քաղաք է. գործում են մանկական առողջարան (200 մահճակալով), պանսիոնատպրոֆիլակտորիում (175 մահճակալով), 5 պիոներական ճամբար: Առողջապահական հիմնարկներում աշխատում են մոտ 400 բժիշկ, 1400 կրտսեր բուժաշխատող (1977):
Լ–ում սահմանված է պատվավոր քաղաքացու ստատուս, պատվավոր քաղաքացիներ են գրանցված ակադեմիկոս Վ. Համբարձումյանը, նկարիչ Մ. Սարյանը, կոմպոզիտոր Ա. Խաչատրյանը, ՍՍՀՄ մարշալ Հ. Բաղրամյանը, բանաստեղծ Ավ. Իսահակյանը: Ռ. Հովեսյան
Մշակույթը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ալեքսանդրապոլում գործել են առևտրական, հոգևոր, ծխական, օրիորդաց դպրոցներ, քաղաքային ուսումնարաններ, իգական գիմնազիա: Սակայն ժողկրթությունը բուռն վերելք է ապրել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: 1977/78 ուս. տարում Լ. ուներ 68 նախադպրոցական հիմնարկ (7860 երեխա), 36 հանրակրթական ցերեկային (31684 սովորող), 7 երեկոյան (1870 սովորող), 6 գիշերօթիկ (810 սովորող) դպրոց և մեկ ուսումնական կոմբինատ: Աշխատում էր շուրջ 2 հզ. ուսուցիչ (հիմնականում բարձրագույն կրթությամբ): Ունի 14 պրոֆտեխնիկական ուսումնարան (5200 սովորող): Լ–ում են գտնվում Մ. Նալբանդյանի անվ. մանկավարժական ինստ–ը (տես
Լենինականի մանկավարժական ինստիտուտ), Երևանի պոլիտեխնիկական ինստ.-ի մասնաճյուղը, ստացիոնար և հեռակա բաժիններով (բացվել է 1959-ին, շուրջ 3000 ուսանող), հաստոցագործիքա–շինական (676 սովորող), թեթև արդյունաբերության (554 սովորող), երկաթուղային տրանսպորտի (375 սովորող), շինարարական (560 սովորող), դաշտավարական (679 սովորող) տեխնիկումները, Ա. Մռավյանի անվ. մանկավարժական (346 սովորող), Կարա–Մուրզայի անվ. երաժշտական (400 սովորող), բժշկական (954 սովորող) ուսումնարանները, Ս. Մերկուրովի անվ. նկարչական, Ն. Տիգրանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ա. Բրուտյանի, Շերամի անվ. № 6 երաժշտական (2300 սովորող ու 315 ուսուցիչ) դպրոցները: Գործում են Ա. Մռավյանի անվ. դրամատիկական (տես Լենինականի դրամատիկական թատրոն) և տիկնիկային թատրոններ, Հայհամերգ միավորման Լենինականի բաժանմունքն իր գեղարվեստական խմբերով, 5 մշակույթի պալատ (Ե. Սեյանի անվ. երկաթուղայինների, տեքստիլագործների, շինարարների, գուլպայի «Արշալույս» արտադրական միավորման և երիտասարդության), 12 ակումբ և տուն (սպայի տուն, ուսուցչի տուն, արվեստի աշխատողների տուն ևն), պիոներների պալատ, ավելի քան 30 մասսայական գրադարան (դրանցից 17-ը միավորված է կենտրոնական միասնական գրադարանային համակարգում, որի կենտրոնը Ավ. Իսահակյանի անվ. քաղաքային գրադարանն է), 9 մասսայական և 8 մանկական (ընդամենը 1320 հզ. գրքային ֆոնդ, 1978-ի հունվար), 16 կինոթատրոն, երկրագիտական թանգարան, տուն–թանգարաններ (Ավ. Իսահակյանի, Բ. Ղարիբջանյանի ևն), որոնց այցելուների թիվը տարեկան կազմում է մոտ 100 հզ.: Լ. ունի Հայաստանի սովետական գրողների (ՀՄԳ) միության բաժանմունք (գործում է 1928-ից): Տարբեր ժամանակներ նրա կազմում են եղել Գ. Մահարին, Մ. Արմենը, Գ. Սարյանը, Հ. Շիրազը, Տ. Սիրասը, Աղավնին, Ա. Արաքսմանյանը, Մ. Կորյունը և ուրիշներ: Ներկայումս բաժանմունքում ընդգրկված են ՍՍՀՄ գրողների միության 7 անդամ և 30-ից ավելի երիտասարդ ստեղծագործողներ: Լ–ում (1930-ից) գործում է ռադիոհաղորդումների հանգույց, Երևանի հեռուստատեսության ստուդիայի ծրագրերի վերահաղորդման կայան:
Լ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզիկայի ու ինժեներական սեյսմոլոգիայի ԳՀԻ կոնստրուկտորական բյուրոներ, «Հայպետնախագիծ» ինստ–ի ճարտ. արվեստանոցը: Լ. ունի խաղողագործության, գինեգործության ու պտղաբուծության ինստ–ի հատուկ բաժանմունք:
Լ–ում են լույս տեսել «Էմինյան ազգագրական ժողովածու» (1901 – 13), «Ախուրյան» (1907–15), «Արագած» (1912), «Գավառի ձայն» (1913), «Նոր կյանք» (1917-ի հուլիս), «Գյուղացիական միություն» (1919), «Ալեքսանդրապոլի լրաբեր» (1919), «Բանվորի խոսքը» (1921), «Կարմիր Շիրակ» (1921–22), «Շիրակի ռանչպար» (1922–23), «Բանվոր» (1923-ից), «Սուլիչ» (1931), «Երկաթուղային» (1931–35), «Ստալինյան ուղեգիր» (1935–46), «Հարվածային տեքստիլշչիկ» (1930–31), «Մանածագործ» (1931–59), «Տեքստիլագործ» (1959-ից) ևն պարբերականներ:
Լենինականում (Ալեքսանդրապոլ) գրքի տպագրությունը սկիզբ է առել 1876-ից, երբ գյումրեցի Գևորգ Սանոյանը քաղաքում բացել է առաջին տպարանը, որը տպագրում էր պաշտոնական–գրասենյակային զանազան ձևեր ու գրքույկներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Շուտով այդ տպարանին հաջորդել են նորերը՝ Աբրահամ Մալխասյանի «Այգ», Հովհաննես Ափինյանի «Շիրակ», Հակոբ Ղասաբյանի տպարանը ևն: Նշված տպարանները նշանակալի չափով նպաստել են Լ–ի մշակութային և հոգևոր կյանքի զարգացմանը: Դրանցում են տպագրվել աշուղներ Ջիվանու, Շերամի, Խայաթի (Սուքիաս Զահրիյան), Ջամալի (Մկրտիչ Տալյան), Նազանու, բանաստեղծներ Ավ. Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, բանասեր Գ. Լևոնյանի և հայ մշակույթի մի շարք այլ նշանավոր գործիչների մի շարք գործեր՝ հայերեն (աշխարհաբար և գրաբար) և ռուսերեն լեզուներով: Գրատպության այս նշանակալի վերելքին ծանր հարված հասցրեց 1918-ի և 20-ի թուրք. օկուպացումը: Լ–ում սովետական կարգեր հաստատվելուց հետո բոլոր տպարանները պետականացվեցին, և ստեղծվեց պետական հրատարակչություն (տես նաև Լենինականի տպագրություն):
Արհեստները և արվեստները: Քաղաքում արհեստագործությունը սկիզբ է առել հնագույն ժամանակներից: Այդ հանգամանքի հաստատումն է 1930-ական թթ. քաղաքի հվ–ում, մսի–պահածոների կոմբինատի կառուցման վայրում, հազարամյակներից եկող հալոց–ձուլարանի հայտնաբերումը: Դարեր անց ձևավորվել է արվեստագործությունը, որի վկայություններից են VII դ. խաչքարերը, գտնված քաղաքի շրջագծում, Ախուրյանի մոտերքում և 1837-ին կառուցված հռչակավոր Սև ղուլա (Սև ամրոց) բերդում:
Արհեստները և արվեստները ավելի են զարգացել 1828-ից հետո, երբ բնակչությունը զգալիորեն աճել է Կարինից (Էրզրում), Բայազետից ու այլ վայրերից գաղթած հայերի հաշվին: Նոր թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են եկեղեցիներ, հանրային շենքեր ու մասնավոր տներ, որոնք այսօր էլ հիացմունք են պատճառում իրենց բարձր արվեստով: Քաղաքի ճարտարապետությունն իր բնիկ ազգային դրսևորումներով գյումրեցի վարպետների անունը հռչակել է ամբողջ Կովկասում: Այդ համբավը խարսխվում էր այնպիսի փայլուն կառույցների վրա, ինչպիսիք են Աստվածածնա եկեղեցին (Յոթ վերքը, 1837), Սև ու կարմիր բերդերը, Փրկչի (Ամենափրկիչ) եկեղեցին, բազմահարկ առևտրական դպրոցը, որը մի ամբողջ թաղ է բռնում (1902), օրիորղաց գիմնազիան՝ նույնպես բազմահարկ (1912), Վանեցյանների, Խոյեցյանների բնակելի տները, հռչակավոր հիմնադիր վարպետ Թաթոս Անտիկյանի (1835–1899) երկհարկանի բնակելի տունը, որի նկուղային հարկի մի քանի տասնյակ կշռող ուղիղ, հորիզոնադիր քարե առաստաղը ժողովրդական ճարտարապետության մի կենդանի հրաշալիք է: Մի առանձին գեղեցկություն ունի Իսահակյանների հարմարավետ, բազմասենյակ երկհարկանի տունը, որը անցյալ դարի 20-ական թվականների վերջերին կառուցել է Ավ. Իսահակյանի պապը՝ Նիկողոս Իսահակյանը: Այդ տունը այժմ Ավ. Իսահակյանի հուշաթանգարանն է: Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ստորգետնյա կառույցների նման ստորերկրյաուղիներ ու շինվածքներ են կառուցվել Գյումրիում (Սև բերդի դիմաց), որոնք մինչև օրս էլ պահպանվել են գրեթե անվթար վիճակում: Գյումրեցի վարպետները շենքեր են կառուցել Կարսում, Երևանում, Էջմիածնում, Թիֆլիսում, Բաքվում: Նրանց բնատուր արվեստը Ավ. Իսահակյանը գնահատել է այսպես. «Մեր Գյումրվա վարպետների ճարտարապետության մեջ կան անթիվ տարրեր, ընդօրինակումներ հին
մեր՝ Անիի, վանքերի, ճարտարապետական մնացորդներից, կոթողներից, մոտիվներ, տրամադրություններ, զգացումներ, ձևեր… Գյումրվա որմնադիր վարպետները Անիի, աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք, դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, աոել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները…»: Եվ պատահական չէ, որ Անիի Կաթողիկե՝ մայր եկեղեցու տիպարով գյումրեցիները 1858–1876-ին՝ գրեթե քսան տարում, իրենց քաղաքում հրաշակերտել են Փրկչի եկեղեցին՝ վիթխարի, ներշնչող՝ իր չափերով, և կախարդական՝ իր գեղեցկությամբ: Փրկչի եկեղեցին այսօր էլ կանգուն է: Նրա 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926-ի կործանարար երկրաշարժը: Պատճառը նաև այն էր, հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը: Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը): Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը: Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ XII դ. վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը: Գյումրվա արհեստներն ու արվեստները համաձույլ են հանդես եկել շատ հաճախ: Այդ երևույթը նկատելի է ճարտարապետության, քարգործության (առանձնապես՝ գերեգմանաքարերի կերտման մեջ), փայտագործության, արծաթագործության, հատկապես՝ ոսկերչության, ապա՝ պղնձագործության, գորգագործության, ժանյակագործության, երկաթագործության և մի շարք ուրիշ ոլորտներում: Գրեթե անհնարին է գտնել հին գյումրեցիների մի տուն, մի գերդաստան, որտեղ տվյալ արհեստն ու արվեստը միայն մեկի զբաղմունքը եղած լինեն: Հաճախ գերդաստանները կոչվել են արհեստների անուններով՝ Մազմընենք (Մազմանյանները), Ղույումչոնք (Ղույումչյանները–Ոսկերչյանները), Փախըրջոնք (Պղնձագործենք), Դամըրչոնք (Երկաթագործենք), Ցափուջոնք (Որմնադիրենք), Խըզարջոնք (Մղոցողենք), Ֆայտոնջոնք (Կառապանենք–Կառագործենք): Մի այդպիսի գերդաստան է Տարախչոնց գերդաստանը, որը տվել է ոսկերիչ վարպետների չորս սերունդ, ընդգրկել գրեթե դար ու կես: Տոհմապետը Մարտիրոսն է, որի պատրաստած ոսկեզօծ արծաթե գավը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ոսկե մեծ մեդալի է արժանացել 1889-ին: Հայտնի էր նաև նրա որդին՝ Մաշտի Գուրգենը (1897–1943): Ե. Չարենցը Գուրգենին համարել է «առաջնակարգ վարպետ–ոսկերիչ»: Գուրգեն Տարախչյանը քանդակել–փորագրել է Խորհրդային Հայաստանի առաջին շքանշաններն ու կրծքանշանները, որոնցից մի քանիսի բնօրինակները, մեծարվեստ հոր գործիքների, կաղապարների և առանձին կերտվածքների հետ, պահվում են իրենց տան՝ թանգարանի վերածված մի սենյակում: ճանաչված ոսկերիչ վարպետ է Տարախչյանների չորրորդ սերնդի ներկայացուցիչը, Գուրգենի կրտսեր որդին՝ Օնիկ (Հովհաննես) Տարախչյանը:
Հին Գյումրվա արհեստավորների վարպետությունը պատկերել են Ավ. Իսահակյանը «Դարբին Գևորգը» պատմվածքում, Մ. Արմենը «Հեղնար աղբյուր» վիպակում և ուրիշներ: Մեծանուն քանդակագործ–գյումրեցի, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Ս. Մերկուրովը (1881 –1952) իր պատանեկության, Գյումրվա հմուտ վարպետների ձեռքի տակ ստեղծագործական նախնական քայլերի մասին հետագայում պատմել է. «Մի տուն էինք շինում: Տան տերը ցանկացավ մուտքի կամարին քանդակել տալ մի աղավնի: Վարպետս գործը ինձ հանձնհց: Քանդակեցի աղավնին: Քանդակեցի կարմիր քարից: Տարա վարպետիս: Նայեց–նայեց, նետեց աղավնիս քարերին, փշուր–փշուր արեց, էս ի՝նչ էս շինե: Բան շինե, բան: Այդպես կրկնվեց մի քանի անգամ: Վերջը, երբ վախվխելով հարցրի, թե ի՞նչը չի հավանում, նկատեց, էմպես պըտի շինես, օղուլ, օր տեսնողը գիտենա, թե՝ էս է, յա նոր է իջե երկընքեն, յա էս է՝ երկինք պըտի թըռնի… Հետո եղա շատ երկրներում, ծանոթացա արվեստների տեսություններին, բայց ոչ մի բան չկարողացավ մոռացնել տալ քանդակագործական արվեստի կոչման՝ քարի կենդանացման այն խորունկ հայտնագործությունը, որ ադամանդի բյուրեղացմամբ կատարել էր գյումրեցի վարպետս»:
Այսօրվա Լ–ի շքեղացման՝ հոյակապ շենքերի, հրապարակների, փողոցների, պողոտաների, հուշարձանների մեջ կենդանի է մեծարվեստ նախորդների թողած ավանդույթը: Մ. Նարյան
Սպորտային կյանքը Լ–ում աշխուժացավ միայն սովետական կարգերի հաստատումից հետո: 1920-ական թթ. սկսած Լ–ում ֆիզկուլտուրան և սպորտը ծավալեցին Հ. Գարգալոյանը, Ա. Չարչօղլյանը, «Բազե» ընկերության նախկին անդամներ Հ. Փարսադանյանը, Հ. Մաթևվոսյանը, Վ. Մինասյանը և ուրիշներ: 1921–22-ին Կ. Լիբկնեխտի անվ. երիտասարդական ակումբին կից կազմակերպվեցին «Մպարտակ» և «Կարմիր սպորտ» ֆիզկուլտուրայի խմբակները: Այստեղ մեծ տարածում գտավ ֆուտբոլը, ձեռքի գնդակը, ծանրամարտը, մարմնամարզությունը, թեթև աթլետիկան: 1923-ին Ալեքսանդրապոլի գավառային գործկոմին կից ստեղծվեց ֆիզկուլտուրայի խորհուրդ, բացվեցին մարզական նոր օջախներ: Մ. Հայրբաբամյանի, Ս. |սոյեցյանի ու Ա. Ալանակյանի նախաձեռնությամբ 1923–24-ին երկաթգծում կազմակերպվեցին մարմնամարզության, ծանրամարտի, թեթև աթլետիկայի, իսկ 2 տարի անց՝ նաև բասկետբոլի, վոլեյբոլի ու ըմբշամարտի խմբակներ: Այստեղ բացվեցին քաղաքում առաջին կանացի սեկցիաները, մարմնամարզություն ու թեթև աթլետիկա սպորտաձևերում տղաների հետ մեկտեղ սկսեցին պարապել Մ. Տեր–Մարտիրոսյանը, քույրեր Լ. և Գ. Ժամկոչյանները, Ժ. Պետրոսյանը, Ա. Բիշարյանը, Դ. Ավետիսյանը, Ա. Հայրբաբամյանը, Հ. Ալանակյանը՝ հանրապետության կանացի սպորտի ջահակիրները: Մարզական սեկցիաներ ստեղծվեցին տեքստիլում, խորառծառի ու կառուցողների ակումբներին կից: 1926-ին Լենինականի գավառի մարզիկների թիվը կազմում էր 391, որոնցից 50-ը՝ կանայք: Բազմակողմանի մարզիկներ էին Ց. Հայկազյանը, Կ. Գարգալոյանը, եղբայրներ Ա. և Խ Մանդալյանները, Հ. Մարգարյանը, Գ. Կիրակոսյանը, Պ. Հարոյանը, եղբայրներ Մ. և Ե. Թոփչյանները, իսկ կանանցից՝ Ա. Խաչատրյանը, Խ. Մատին յանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ: 1926-ին Լ–ի պատվիրակությունը մասնակցեց հանրապետական առաջին սպարտակիադային: 1927-ին, Գ. Մինասյանի նախաձեռնությամբ, արտադրական մարմնամարզությունը արմատավորվեց տեքստիլ կոմբինատում: 1932–36-ին Լ–ում հիմնադրվեցին «Դինամո», «Սպարտակ» և «Կառուցող» մարզընկերությունները, ստեղծվեցին նոր բազաներ, սկսվեց քաղաքային մարզադաշտի շինարարությունը: Քաղաքի էնտուզիաստների օգնությամբ շրջակա գյուղերում ևս արմատավորվեց սպորտը:
1936-ին այստեղ 13 մարգաձևերով պարապում էր մուո 500 մարդ: Իսկ քաղաքում 1939-ին մարզիկների թիվն հասավ 2440-ի: 1939–40 ուս. տարում բացվեց առաջին մարզադպրոցը, որաեղ գործում էին մարմնամարզության, թեթև աթլետիկայի ու սպորտային խաղերի խմբեր:
Հայրենական պատերազմից հետո Լ–ում ևս ավելացավ մարզընկերությունների, նրանցում արմատավորված մարզաձևերի թիվը: «Շիրակ» ֆուտբոլային թիմը դուրս եկավ միութենական ասպարեզ: Բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերը մասնակցեցին երկրի առաջնության մրցումներին: Դահուկորդ Լ. Մնացականյանը 17 տարի անընդմեջ հանրապետության չեմպիոնն էր: Տեքստիլագործ ծանրորդ Վ. Սուքիասյանը դարձավ Լ–ում առաջին սպորտի վարպետը: Թեթև աթլետիկայում վարպետների ընտանիքը համալրեց Ա. Մխիթարյանը: Հայաստանի բազմակի չեմպիոններ են եղել Ա. Հակոբյանը, Հ. Անտիկյանը, Ֆ. Հովհաննիսյանը, Ս. Մինասյանը (դահուկավազք), Հ. Ստեփանյանը, Ժ. Մխիթարյանը (թեթև աթլետիկա), Մ. Շիրինյանը, Ա. Գրիգորյանը, Հ. Սարգսյանը (ըմբշամարտ), Հ. Մաղաքյանը (բռնցքամարտ), Մ. Հովսեփյանը (հրաձգություն), Օ. Մուրադյանը (մարմնամարզություն): Մարզական մեծ նվաճման հասան կիսամիջին քաշի ծանրորդներ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Վ. Միլիտոսյանը և աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Յու. Վարդանյանը: 1977-ին բակային «Գյումրի» թիմի ֆուտբոլիստները երկրում առաջին տեղը գրավեցին «Կաշվե գնդակ» համամիութենական մրցաշարում՝ կրկնելով 1976-ին պատանիների «Շիրակ» թիմի հաջողությունը:
1977-ի վերջին Լ–ում կար 117 ֆիզկուլաուրային սկզբնական կոլեկտիվ՝ 34616 ֆիզկուլտուրնիկներով: 1973–77-ին քաղաքում պատրաստվել է մեկ սպորտի վաստակավոր վարպետ, 3 միջազգային կարգի սպորտի վարպետ, 77 սպորտի վարպետ և 187 վարպետության թեկնածու: Գործում էր 13 մարզադպրոց, որտեղ աշխատում է ՍՍՀՄ սպորտի մեկ վաստակավոր մարզիչ (Հ. Առաքելյան, թեթև աթլետիկա), ՀՍՍՀ սպորտի 26 վաստակավոր մարզիչ: Գործում են նաև «Արագած» և Մ. Նալբանդյանի անվ. մանկավարժական ինստ–ի մարզակումբները: Ֆ. Հունանյան
Ճարտարապետությունը: Լ–ի տարածքի հնագույն ճարտ. հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված քառամույթ գմբեթավոր եկեղեցին (VII դ.), որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ., արլ. ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հվ–ից է: Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով: Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Կումայրին կառուցապատվել է ռուսական առաջադեմ քաղաքաշինական սկզբունքներով: Գյումրի և Ախուրյան գետերի միջև՝ բարձունքի վրա սրբատաշ սև տուֆից կառուցվել է աշտարակավոր պարսպապատ ամրոց, որն ուներ զինանոց, տնտ. շենքեր, 15 հզ. կայազորի համար զորանոց և գմբեթավոր եկեղեցի: Բերդն ուներ չորս դարպաս՝ Երևանի, Թիֆլիսի, Կարսի, Ախալքալաքի: Կումայրիի զարգացման գլխավոր ազդակներն էին 1828–30-ին Էրզրումից, Բայազետից և Կարսից հայերի ներգաղթը ու ռուսական կայազորի մշտական առկայությունը: 1837-ին կազմվում է բնակավայրի առաջին գլխավոր հատակագիծը: Ալեքսանդրապոլ վերանվանված նորաստեղծ քաղաքը ծավալվել է հին Կումայրիից դեպի արլ. ազատ տարածության վրա: Չնայած բարդ ռելիեֆին, քաղաքը կառուցապատվում էր կանոնավոր հատակագծման սկզբունքով: Հս–հվ. և արլ–արմ. ձգվող փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաքը բաժանվում էր մեծ (100 մ X 150 մ) և փոքր (50 մ X 75 մ) թաղամասերի՝ կառուցված 1 – 2-հարկանի, սև և կարմիր տուֆի սրբատաշ քարե տներով: Հետագա՝ 1841-ի և 1845-ի հատակագծերում պահպանվել են նախորդ հատակագծման սկզբունքները: Հասարակական կենտրոնը Շուկայի հրապարակն էր (այժմ՝ Մայիսյան ապստամբության), որից ճառագայթվող փողոցների վրա գտնվում էին խանութներ, արհեստանոցներ, վարչական շենքեր և եկեղեցիներ:
XIX դ. կառույցներից նշանավոր են Ամենափրկիչ (Փրկչի) (1858-76), Ս. Աստվածածին (1843–56), Ս. Նշան (1876-1885), Ս. Գևորգ, «Պատվո բլուրի» (ռուսական) եկեղեցիները: Ամենափրկիչը Անիի Մայր տաճարի նմանությամբ կենտրոնական հրապարակի վրա կառուցել են Թադևոս Անտիկյանը և Մանուկ Պետրոսյանը (Արդար Մանուկը): Ս. Աստվածածինը կառուցել է վարպետ Մկրտիչ Թուրանյանը, ռուսական եկեղեցին՝ վարպետ Գևորգ Յուզբաշյանը: Քաղաքաշինական աշխատանքներն առավել ծավալվել են XIX դ. 2-րդ կեսին, հատկապես՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղու կառուցումից հետո: 1872-ին կազմված գլխավոր հատակագծով քաղաքն ընդարձակվել է, կառուցապատվել են Ալեքսանդրովսկայա (այժմ՝ Աբովյանի), Կարսսկայա (այժմ՝ Սվերդլովի), Գեներալսկայա (այժմ՝ Շահումյանի) ու սրանց ուղղահայաց՝ Բեհբութովի (այժմ՝ Մաքսիմ Գորկու), Թիֆլիսյան (այժմ՝ Ռուսթավելու), Գրուզինսկայա (այժմ՝ Վահան Տերյանի) փողոցները: Զորանոցային թաղամասերը կառուցապատվել են սև տուֆե, միատիպ երկհարկանի շենքերով: Բնակելի տները գյուղատիպ և քաղաքատիպ էին, XIX դ. 1-ին կեսին կառուցված գյուղատիպ տները հիմնականում կրկնում էին Շիրակի ժող. բնակարանի հորինվածքը: Սրանք «կոմպլեքս» տներ էին, բաղկացած ՝«հազարաշեն» ծածկով գլխատնից, որը մյուս բնակելի օժանդակ սենյակների հետ խմբավորված էր ներքին ծածկված բակի շուրջը և ամփոփված միասնական ծավալի մեջ: XIX դ. 2-րդ կեսին կառուցվել են 1–2-հարկանի քաղաքատիպ բնակելի շենքեր, որոնք բաժանվում են սենյակների միաշար կամ երկշարդասավորությամբ երկու խմբի: Սև սրբատաշ տուֆե տները բակի կողմից ունեն պատշգամբներ և փողոցին նայող շքեղ կամարակապ դարպասներ: Ճակատներն աչքի են ընկնում կատարման բազմազանությամբ, որը ստացվել է դեկորատիվ հարդարանքում կարմիր տուֆի կիրառումով և շարվածքի կարանների ընդգծումով: Շենքերի ճարտ. կերպարն արտահայտել է տանտիրոջ սոցիալական դիրքը.
հարուստների բնակելի տներն ունեցել են շթաքարե քիվ, քանդակազարդ քարե ջրհորդաններ և լուսամուտների երեսակալներ, պատշգամբների փայտյա ցանցկեն շքեղ մանրամասներ: Իրենց գեղարվեստական արտահայտչականության աչքի են ընկնում Աղսախալյանների (1873), Ավագյանների (1880), Քեշիշյանների (1886) տները: XIX դ. 2-րդ կեսին քաղաքի կենտրոնում կառուցվել են նաև երկհարկանի, բազմաբնակարան, ընդհանուր պատշգամբով «շահութաբեր տներ», որոնց առաջին հարկում եղել են խանութներ, արհեստանոցներ, պահեստներ: Դրանց բնորոշ օրինակն է Ձիթողցյանների տունը (1872, վարպետ՝ Հարություն Օուգբաշյան): Բաղնիքների ու հյուրանոցների շարքում առավել նշանակալից էր Վարդան և Սարգիս Ալմոյանների երկհարկանի պանդոկը (1865–67)՝ ջրավազանով, ներքին բակով, սյունազարդ փայտե պատշգամբով: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ալեքսանդրապոլում ռուս. կլասիցիզմի ոճով կառուցվել են հասարակական մոնումենտալ շենքեր՝ եռահարկ վարչա–առետրական ուսումնարանը, հիվանդանոցը (1905), օրիորդաց գիմնազիան (1906):
Քաղաքի կառուցապատման և ճարտ. զարգացման համար շրջադարձային էր Հայաստանում սովետական կարգերի հաստատումը: 1924-ից քաղաքը վերանվանվելով Լենինական՝ սկսեց վերակառուցվել սոցիալիստական քաղաքաշինության սկզբունքներով: 1925-ին Ա. Թամանյանը կազմել է Լ–ի գլխավոր հատակագիծը, որը 1926-ի երկբաշարժից հետո, քաղաքի շուտափույթ վերակառուցման նպատակով, 1927-ին վերափոխել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Դ. Չիսլյանը: Կազմվել է կենտրոնի կառուցապատման նախագիծ, ըստ որի 30-ական թթ. ստեղծվել է Մայիսյան ապստամբության հրապարակը և բացվել են Ինտերնացիոնալ (այժմ՝ Լենինի) և Կիրովի փողոցները: Մշակվել է բնակելի երկհարկանի տների երեք տիպ, որոնք համապատասխանել են սեյսմիկ պայմաններին, ժամանակի սոցիալական պահանջներին, ունենալով ինքնատիպ կերպար (բաց լոջիաներ ու աստիճանավանդակ, սլաքաձև կամարներ): Բնակելի շինարարության մեջ կիրառվել են տիպային նախագծեր (տեքստիլ կոմբինատի բնակելի շենքերը, ճարտ. Ղ. Մարգսյան): 1932-ին կազմվել է Լ–ի նոր գլխավոր հատակագիծը (ճարտ. Մ. Մազմանյան), որը նախատեսում էր քաղաքի զարգացումը հս. ուղղությամբ: Պահպանվում էր փողոցների արդեն կազմավորված ցանցը՝ թաղամասերի խոշորացումով: Կենտրոնում ստեղծվում էր հվ–հս. առանցքային մայրուղին, որի վրա էին գտնվում Մայիսյան ապստամբության, Լենինի և Աստղի հրապարակները: Նախկին «Գորկա» հասարակական այգին վերակառուցվեց կուլտուրայի և հանգստի զբոսայգու, ստեղծվեցին չորս նոր զբոսայգիներ: Արդ. շրջանի տեղը կանխորոշում էր արդեն կառուցված տեքստիլ կոմբինատի համալիրը: 1938–40-ին Հայ–պետնախագիծ ինստ–ը, հիմք ընդունելով Մ. Մազմանյանի նախագիծը, մշակեց Լ–ի կառուցապատման նոր նախագիծ (ճարտ. Հ. Դավթյան, Փ. Մանուկյան, Գ. Մուրզա, կոնսուլտանտ Լ. Իլյին, տնտեսական հիմնավորումը՝ Ա. Հակոբջանյանի), ըստ որի քաղաքը զարգանում էր հս., հվ. ու հվ–արլ. ուղղություններով, իսկ տեքստիլ կոմբինատը կանաչ գոտիով անջատվում էր բնակելի թաղամասերից: Նոր մայրուղիները նախատեսված էին ելնելով ուղղությունից և տեղից՝ փակ ու բաց հեռանկարներով: 1930-ական թթ. Լ. կառուցապատվել է 2–3-հարկանի բնակելի շենքերով: Վարդագույն և դեղնավուն տուֆերի օգտագործումը աշխուժություն մտցրեց քաղաքի՝ հիմնականում սև շենքերով փողոցների ու հրապարակների ճարտ. կերպարում, իսկ 3–4-հարկանի հասարակական շենքերի կառուցումը նոր մասշտաբ հաղորդեց Լ–ին: 1930-ական թթ. կազմավորվեց Մայիսյան ապստամբության հրապարակի ճարտ. անսամբլը, որի շենքերը, սակայն, ոճական տարբեր ուղղությունների են պատկանում: Հրապարակի արմ. կողմում կառուցված հյուրանոցի շենքում (1927, ճարտ. Դ. Չիսլյան) փորձ էր արված կիրառել ճարտ. ազգային ձևերը: «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926, ճարտ. Ղ. Սարգսյան) լուծված է ռուս, կլասիցիզմի ոճով, իսկ համալիրում դիրքով և չափերով գերիշխող Քաղսովետի շենքը (1933, ճարտ. Գ. Քոչար) հայ սովետական կոնստրուկտիվիզմի լավագույն ստեղծագործություններից է: 1920–1940-ական թթ. Լ–ի հասարակական և արտադրական շենքերից աչքի են ընկնում երկաթուղայինների պալատը, Տեքստիլագործների պալատը (ճարտ. Գ. Քոչար), Դրամատիկական թատրոնը (այժմ՝ Շինարարների ակումբ, ճարտ. Դ. Չիսլյան), հիվանդանոցը (ճարտ. Ղ. Սարգսյան), Լուկաշինի անվ. մանածագործական ֆաբրիկան և տեքստիլ կոմբինատի վարչական շենքերը (ճարտ. Ղ. Սարգսյան): Ետպատերազմյան առաջին տասնամյակում վերակառուցվեցին Լենինի, Գորկու, Կալինինի փողոցները, ձևավորվեց Լենինի հրապարակի ճարտ. անսամբլը՝ կազմված ՀԿԿ քաղաքային կոմիտեի շենքից (1952, ճարտ. Զ. Բախշինյան), հանրախանութից (ճարտ. Մ. Ասոյան), Գուլպայագործների մշակույթի պալատից, փոստից և բնակելի տներից: 1959–61-ին կազմվեց Լ–ի կառուցապատման նոր հատակագիծը (ճարտ. Հ. Իսաբեկյան, Մ. Կարապետյան, Փ. Մանուկյան). սահմանափակվեց զարգացումը դեպի հս՝ քաղաքը մեկ ուղղությամբ չձգելու և գյուղատնտեսության համար պիտանի հողերը խնայելու նպատակով: Բարելավվեց փողոցների ցանցը, տեղանքի հետ վատ կապվող, խիստ երկրաչափական, ուղղանկյուն հատակագիծը զուգակցվեց օղակա–շառավղայինի հետ: 60-ական թթ. սկսվեց նոր խոշոր բնակելի թաղամասերի (Անտառավան, Շիրակացու, Երևանյան խճուղու) կառուցումը: Ձևավորվեց Աստղի հրապարակը՝ կառուցապատված բնակելի բազմահարկ (տիպային) շենքերով և «Հայաստան» կինոթատրոնով: Կենտրոնական մասի վերակառուցումը ընթանում է հարկայնության բարձրացման և ճարտ. հուշարձաններին ներդաշնակման սկզբունքով: Քաղաքաշինության հաջողություններից է Արագածի փողոցը (ճարտ. Գ. Մուշեղյան), որը Մայիսյան ապստամբության հրապարակը կապում է Հաղթանակի պուրակ–պողոտային և ուղղված է դեպի քաղաքի համայնապատկերի մասը կազմող քառագագաթ Արագածը: Փողոցի հվ. կողմում տեղադրված են բազմասեկցիոն, իսկ հս–ում՝ բլոկ–սեկցիաներով բնակելի շենքերը: Այդ շենքերը, ի տարբերություն տիպային բնակելի մյուս տների, նախագծված են հատկապես քաղաքի կլիմայական պայմաններին համապատասխան. բաց պատշգամբների փոխարեն բնակարաններն ունեն լոջիաներ, հանովի ապակեպատ փեղկերով: Կերպարանափոխվել է Սայաթ–Նովայի փողոցը, որտեղ կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր (ճարտ. Գ. Մուշեղյան): Մռավյանի անվ. դրամատիկական թատրոնի նոր շենքը (ճարտ. Ս. Սաֆարյան, Ռ. Բաղդասարյան), որը գտնվում է Փողոցի կարմիր գծից զգալի ետ, փոքր բարձունքի վրա, ունի զուսպ ճարտ. կերպար, նրա արտահայտչականությունը ստեղծ–
վում է քարե պատերի մեծ մակերեսների և ապակեպատ բացվածքների հակադրությամբ: Մ. Հսսրաթյան Ռ. Եղոյան
Կերպարվեստը: Հնուց նշանավոր էին քաղաքի արհեստավորների (մետաղագործներ, կտավագործներ, քարգործներ, ոսկերիչներ ևն) գործերը: Լ–ում կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ: Գեղարվեստական կյանքի ակտիվ մասնակիցներ էին Ե. Նազարյանը, Գ. Բրուտյանը, Ս. Ալթունյանը և ուրիշներ: 1921-ին հիմնադրվել է նկարչական ստուդիա (այժմ՝ Ս. Մերկուրովի անվ. նկարչական դպրոցը), 1930-ին՝ երկրագիտական թանգարանը, որտեղ զգալի բաժին է հատկացված կերպարվեստին: 1945-ին կազմակերպվել է Հայաստանի սովետական նկարիչների միության Լ–ի բաժանմունքը: Քաղաքի գեղարվեստական կերպարում նշանակալից են Մայիսյան ապստամբության հերոսների (1931, քանդակագործ Ա. Սարգսյան), Վ. Ի. Լենինի (1954, բազալտ, քանդակագործ՝ Բ. Մերկուրով, հեղինակակից՝ Գ. Ահարոնյան, ճարտ. Մ. Գրիգորյան), Ա. Իսահակյանի (1976, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտ. Ջ. Թորոսյան, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1977), Ա. Տիգրանյանի (1962, բրոնզ, բազալտ, քանդակագործ՝ Խ. Իսկանդարյան, ճարտ. Է. Տիգրանյան), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների («Մայր Հայաստան», 1975, քանդակագործ՝ Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ. Ռ. Եղոյան) հուշարձանները, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության ընտիր օրինակներ՝ Հղկող հաստոցների գործարանի բանվորական ճաշարանում (1963–64, նկարիչ՝ Հ. Մինասյան, Ա. Մելքոնյան, Ռ. Պետրոսյան), էլեկտրատեխնիկական գործարանում (1972, նկարիչ՝ Մ. Ավետիսյան), «Սասունցիների պարը» (խճանկար, 1973–75, նկարիչ՝ Ֆ. Մանուկյան), «Գյումրվա հարսանիք» (խճանկար, 4. Սմբատյան, Զ. Գրիգորյան, Ռ. Հովնաթանյան), «Կարմիր բանակի մուտքը Ալեքսանդրապոլ» (որմնանկար երկաթուղայինների մշակույթի պալատում, նկարիչ՝ Ս. Հովսեփյան), «Գյումրվա կանայք» (որմնանկար տեքստիլ կոմբինատի թանգարանում, 1973, նկարիչ՝ Ա. Մելքոնյան) և այլ գործեր: Մ. Ղազարյան
Երաժշտությունը: Քաղաքի երաժշտական կյանքը հնուց զարգացել է ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստների հունով: Դեռևս XIX դ. վերջերից գործել են երգչախմբեր (դպրոցական, եկեղեցական, սիրողների, կազմակերպիչները՝ երգի ուսուցիչներ Ա. Բրուտյան, Պ. Բաբայան, կոմպոզիտորներ Ն. և Ա. Տիգրանյաններ): Որոշ խմբեր համերգներով հանդես են եկել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում: Հյուրախաղերով քաղաք են այցելել է. Պետրին, Ա. Սպենդիարյանը, Հ. և Ի. Դանզասները, Ա. Մելիք–Աղամալովը, Լ. Կարախանը և ուրիշներ: Կազմակերպվել են նաև ընտանեկան անսամբլներ: Պրոֆեսիոնալ երաժշտության բնագավառում նշանակալից երևույթ էր Արևելյան Հայաստանում առաջին օպերային ստեղծագործության՝ Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի բեմադրությունը 1912-ին, սիրողական օպերային թատրոնում:
Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921-ին Ն. Տիգրանյանի նախաձեռնությամբ բացվել է «Փոքրիկ ստուդիա», որը 1924-ին վերափոխվել է երաժշտական դպրոցի (ղեկավար՝ Դ. Ղազարյան): Նրա սիմֆոնիկ և փողային նվագախմբերը, երգչախումբը, անսամբլները (տրիո, կվարտետ ևն) հանդես են եկել հրապարակային համերգներով և ռադիոյով: 1922-ին ստեղծվել է սիմֆոնիկ–կամերային «Սալոնային նվագախումբը» (տարբեր տարիներ ղեկավարել են ջութակահար Կուգոտովսկին, դիրիժոր Ա. Մելիք–Փաշաևը, կոմպոզիտոր Ա. Այվազյանը): 1923–1926-ին գործել է Լ–ի օպերա–օպերետային թատրոնը, որի կազմում էին Շ. Տալյանը, Ա. Մելիք–Փաշաևը, Հ. Դանիելյանը, Լ. Իսեցկին և ուրիշներ: Բեմադրվել են Բիզեի «Կարմեն», Գունոյի «Ֆաուստ» օպերաները (թարգմանաբար, հայերեն), Ի. Կալմանի «Սիլվա» օպերետը, մանկական օպերաներ (Ս. Մուրադյանի «Շունն ու կատուն», Դ. Ղազարյանի «Հաղթված բազեն», Ա. Մանուկյանի «Չարի վերջը»): Այդ թատրոնը մեծ դեր է խաղացել հայ օպերային արվեստի զարգացման գործում: 1934-ին բացվել է երաժշտական ուսումնարանը: Քաղաքում գործում են Հայհամերգի (մինչև 1976-ը Հայֆիլհարմոնիայի) բաժանմունքը, 1958-ից՝ Հայաստանի Երգչախմբային ընկերության բաժանմունքը, 1972-ից՝ կամերային նվագախումբը, 6 երաժշտական դպրոց և մեկ ուսումնարան, բազմաթիվ ինքնագործ խմբեր, այդ թվում՝ 1949-ից՝ Սևյանի անվ. մշակույթի պալատի երգի և պարի անսամբլը (ղեկավար՝ Ա. Շաբոյան), որը դարձել է համամիութենական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր: 1957-ից ամեն տարի անց են կացվում սիմֆոնիկ երաժշտության տասնօրյակներ: Մ. Նալբանդյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ն ունի երաժշտության ամբիոն: Ջ. Ղուկասյան
Աշուղներ: Հին Գյումրին, համբավավոր արհեստավորներից բացի, հայտնի է եղել նշանավոր աշուղներով: XIX դ. 2-րդ կեսին–XX դ. սկզբին Ջիվանա գլխավորությամբ ձևավորվել է ազգային– աշուղական դպրոցը [Շիրին, Ջամալի, Պայծառ, Զահրի, Խայաթ, Մալուլ, Հավես, Հազիրի (Գյումրեցի), Շերամ, Իգիթ և ուրիշներ], որոնց բնորոշ էր հասարակական–սոցիալական թեմաների սրությունը, գրական ու երաժշտական լեզվի մաքրությունը, ավանդույթի ստեղծագործական յուրացումը, ուրույն մտածելակերպը: Սկսած 1870-ական թվականներից նրա հռչակավոր սրճարանները՝ ղայֆաները, դարձել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ: Գրեթե ամեն մի սրճարան ունեցել է իր աշուղը կամ աշուղական խումբը: Սիրո, հայրենի հողի, պանդխտության, ազատատենչության, ազգային վերածնության երգերից բացի, նկատելի տեղ են գրավել, ի բնե երգասեր գյումրեցիների մեջ լայն տարածում գտել քաղաքի կյանքի հետ կապված որոշակի երևույթներ արտացոլող երգերը, որոնք ստացել են հանրային հնչեղություն: Այդ առումով շատ բնորոշ է Ջիվանու «Խելքի աշեցեք» երգը (1883): Գյումրվա աշուղների երգերը տարածվել են շատ գյուղերում ու քաղաքներում: Մեծանուն աշուղներին հաճախ հրավիրել են Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Երևան, էջմիածին և այլուր: 1870-ական թվականների 2-րդ կեսից սկսած քաղաքում տպարաններ
բացվելու շնորհիվ ծայր է առել աշուղական գրքերի հրատարակությունը, լույս են տեսել աշուղ Ջիվանու, Խայաթի և ուրիշների երգարանները: Աշուղական արվեստը ապրել է իր հասունացումը, տվել դասական, համազգային արժեքներ: Ավ. Իսահակյանը գրել է. «Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղների քաղաք էր համարվում: Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի երեսունի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ (երգահաններ), որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս: Այդ աշուղ–երգիչներից նշանավորներն էին.՝ Զիվանին, Ջամալին, Ֆիզային, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները»: Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող: Եղել են նաև միայն երգողներ, միայն նվազողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ: Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867–1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը): Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. հայ և օտար առասպելաբանությանը: Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով: Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ: Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել: Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ–մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն:
Աշուղները որոշ ժամանակ պահել են աշակերտներ, սովորեցրել նրանց, ապա մի քանի հոգով գրավոր վկայել նրա վարպետացումը և տվել համապատասխան գիր և աշուղական անուն: Իրենց գործունեության կարգավորման համար աշուղները ունեցել են «ուստաբաշի», որին ընտրել են ընդհանուր ժողովում: «Ուստաբաշին» պիտի լիներ արվեստով ու վարկով ամենաճանաչված մարդը: Ուստաբաշի է եղել Ջիվանին, իսկ նրա օգնական՝ աշուղ Համբոն: Գյումրվա աշուղներն իրենց բարձր արվեստով նկատելի ներդրում են կատարել հայ ժողովրդական երգարվեստի, երաժշտական բառ ու բանի, բանաստեղծական լեզվի զարգացման մեջ: Մ. Նարյան
Թատրոնը: Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865-ի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք–Հայկազյանի օժանդակությամբ, բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը: Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Գոգոլի «Ռևիզոր»-ը: 1866-ից կազմակերպվել է թատերական մասնախումբ: 1879-ին առաջին անգամ խաղացվել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն: 1888-ին իր փոքրիկ խմբով տեղի թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պ. Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Ա. և Ա. Սաֆրագյանները, Ա. Վրույրը, Ջաբելը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը և հայ թատրոնի բազմաթիվ ականավոր դերասաններ: Նախասովետական տարիներին ներկայացումներ են տվել տեղական և ռուսական, վրացական, ուկրաինական, ադրբեջանական եկվոր թատերախմբերը: Թատերական արվեստի զարգացմանը նպաստել են բժիշկ–ռեժիսոր Գ. Տեր–Հովհաննիսյանը, մանկավարժ–դերասաններ Մ. և Ա. Տեր–Սարգսյանները, Հ. Ղուկասյանը, դերասան–դերասանուհիներ Կ. Քյանդարյանը, Մ. Չարչօղլյանը, Ն. Կիրակոսյանը, Կ. Աբովյանը և ուրիշներ: Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (Համլետ, 1901): 1917–18-ին ներկայացումներ է տվել Հ. Զարիֆյանի խումբը:
Սովետական իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա: 1922–28-ին գործել է Ալեքպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը (ղեկավար՝ Ա. Արմենյան), 1923–26-ին՝ Լենինականի օպերա–օպերետային թատրոնը, 1931–36-ին՝ պատանի հանդիսատեսի թատրոնը, 1928-ից՝ Ա. Մռավյանի անվ. դրամատիկական (տես Լենինականի դրամատիկական թատրոն), 1935-ից՝ տիկնիկային թատրոնները:

ԼԵՆԻՆԱԿԱՆ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Ռոստովից 8 կմ հյուսիս, Նովոշախտինսկ տանող ճանապարհի վրա: Գյուղը հիմնադրել են 1925-ին նույն շրջանի Թոփթի գյուղից տեղափոխված 25 ընտանիք: Ունի 430 (90 ընտանիք, 1978 թ.) բնակիչ, որոնցից 7 ընտանիք ռուս: Լ–ի գլխավոր փողոցները կրում են Լուկաշինի և Բ. Ղարիբջանյանի անունները: Զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն) և անասնապահությամբ (կովաբուծություն): Գյուղում գործում են ակումբ, գրադարան: Լ–ի աշակերտները սովորում են Լենինավան գյուղի դպրոցում:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ (Շիրակի) ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, գտնվում է Շիրակի դաշտում և զբաղեցնում մոտ 300–320 կմ2 տարածք: Նրա ուղղաձիգ կտրվածքում առանձնացվում են գրունտային և ճնշումային ջրերի մի քանի հորիզոն: Գրունտային ջրերը բաժանվում են վերտուֆային և ենթատուֆային հորիզոնների: Առաջին հորիզոնը գերազանցապես կրում է տեղական բնույթ, իսկ երկրորդի ջրերը, որոնք ձորակներում բեռնաթափվում են աղբյուրների ձևով, օգտագործվում են ջրամատակարարման նպատակով: Հիդրոերկրաբանական տեսակետից նրա սահմաններում առանձնացված են հյուսիսային՝ անուշահամ ջրերի և հարավային՝ հանքային ջրերի տարածման տեղամասերը: Հյուսիսային տեղամասի վերին ճնշումային ջրատար հորիզոնը կապված է 10–12,5 մ հզորության ավագա–գլաքարային նստվածքների և անդեզիտա–բազալտների հետ: Հորատանցքերով ստացվող ջրի տեսակարար ծախսը կազմում է 10–13 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 110–120 մ/օր: Երկրորդ (ստորին) հորիզոնի ճնշումային ջրերը կապված են լճա–գետային նստվածքների կտրվածքում գտնվող խիստ ճեղքավոր անդեզիտաբազալտների հետ: Հորատանցքերի տեսակարար ծախսը հասնում է 50–55 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 230–250 մ/օբ: Ջրատար հորիզոնները սնվում են Շիրակի դաշտը եզրափակող լեռնաշղթաներից ներծծվող մթնոլորտային և մակերևութային ջրերից: Լ. ա. ա–ի ստորերկրյա ջրերը բարձրորակ են, անուշահամ, պիտանի խմելու համար, ունեն մեծ պաշարներ և լայն հեռանկարներ ջրամատակարարման բնագավառում:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Մայիսյան ապստամբության անվան, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1975-ին: Ներառում է Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային արտադրամասում Արթիկի, Կիրովականի, Ալավերդու մասնաճյուղերը: Ունի ուսումնա–արաադրական կոմբինատ: Արտադրում է մանվածք և գործվածք: Արտադրանքն իրացվում է միութենական բոլոր հանրապետություններում: Միավորման գլխամասային ձեռնարկությունը Լենինականի Մայիսյան ապստամբության անվ. տեքստիլ կոմբինատն է, որը Հայկ. ՍՍՀ տեքստիլ արդյունաբերության առաջնեկը և ամենախոշոր ձեռնարկությունն է: Հիմնադրվել է 1924-ին Իվանովո–Վոգնեսենսկի նահանգի Վիչուգա քաղաքի տեքստիլագործների օգնությամբ: Նույն տարում կոմբինատը տվել է առաջին արտադրանքը: Կոմբինատի կազմավորման և ամրապնդման տարիներին (1920–30-ական թթ.) այնտեղ են եղել պետական և կուսակցական ականավոր գործիչներ Վ. Վ. Կույբիշևը, Մ. Ի. Կալինինը, Ա. Ֆ. Մյասնիկյանը, Դ. Կ. Օրջոնիկիձեն, Ա. Ի. Միկոյանը, Ս. Լուկաշինը, Ա. Խանջյանը, Ս. Համբարձումյանը, Ա. Մռավյանը: 1942-ին շահագործման է հանձնվել կոմբինատի ներկման ֆաբրիկան: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 –45) Լենինականի տեքստիլագործներն արտադրել են շուրջ 20 հզ. տ մանվածք և 104 մլն մ գործվածք: Նրանք պաշտպանական ֆոնդի օգտին հավաքել են ավելի քան 7 մլն ռուբլի: 2500 տեքստիլագործներ պարգևատրվել են «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» և «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով: Կոմբինատի մանվածքային, գործվածքային, չթի, ներկման ֆաբրիկաները և այլ օժանդակ արտադրամասերը տարեկան թողարկում են ավելի քան 11 հզ. տ մանվածք և 81 մլն մ գործվածք (1977): Արտադրանքի շատ տեսակներ ստացել են որակի պետ. նշան: Կոմբինատի կոլեկտիվի օգնությամբ ՀՍՍՀ մի շարք քաղաքներում և շրջաններում հիմնվել են տեքստիլ ձեռնարկություններ: Կոմբինատի կոլեկտիվը բազմիցս արժանացել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ–ի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ–ի փոխանցիկ դրոշներին: Հարյուրավոր առաջավորներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով: Մի քանիսն ընտրվել են ՍՍՀՄ և ՀՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ, ջուլհակուհի Ա. Պետրոսյանը, հրահանգիչ–ենթավարպետ Գ. Տոնոյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Ենթավարպետ Մ. Ստեփանյանը պետական մրցանակի դափնեկիր է: Կոմբինատում լույս է տեսնում «Տեքստիլագործ» բազմատիրաժ թերթը: Կոմբինատն ունի իր կուլտուրայի պալատը, «Արագած» սպորտային ակումբը, մսուր–մանկապարտեզները, հանգստի պրոֆիլակտորիումը: Կոմբինատը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1966), ժողովուրդների բարեկամության (1974) շքանշաններով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴԱՐԲՆՈՑԱ–ՄԱՄԼԻՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն, հիմնադրվել է 1912-ին, Հեքիմյանների մեխանիկական արհեստանոցի բազայի վրա: Մինչև 1958-ը կոչվել է մեխանիկական գործարան, թողարկել մետաղե մահճակալներ և կենցաղային առարկաներ: Վերակառուցվելով մեքենաշինական ձեռնարկության, զգալիորեն ընդարձակվել է և այժմ ունի հավաքման, մեխանիկական արտադրամասեր, նախապատրաստական, գործիքաշինական, փորձարարական, լայն սպառման առարկաների արտադրության, փաթեթավորման և ձուլման տեղամասեր: Հիմնական արտադրանքը 25 տոննանոց դարբնոցա–մամլիչ մեքենաներն են: Արտադրանքի մի մասն արտահանվում է արտասահմանյան երկրներ: Ձեռնարկությունը վերջին 20 տարում 6 անգամ արժանացել է համամիութենական և հանրապետական մրցանակների ու պարգևների: Գործարանի 30-ից ավելի աշխատողներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, Ա. Մռավյանի անվան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական թատրոն (մինչև 1938-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928-ին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով (ըստ Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև): Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկ. դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից՝ Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ՝ Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ՝ Վ. Շերիշև: Շուտով այն համալրվեց նոր ուժերով՝ Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան–Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավռոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Ա. Սանամյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաև Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուր են Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը: Բեմադրություններ են ունեցել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Վաղարշյանը, Վ. Փափագյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վ. Աճեմյանի վաստակը: Բ. Լավրենյովի «Բեկում», Ս. Բաղդասարյանի «Մարոկկո» (1929), Վ. Կիրշոնի «Հաց» (1931), Ն. Պոգոդինի «Իմ բարեկամ» (1938), Զ. Զաբարլիի «1905 թվին» (1937), Ա. Կապլերի և

Տ. Զլատոգորովայի «Լենին» (1940) ներկայացումները ժամանակակից ռուս, հեղափոխական թատրոնի, մասնավորապես Ե. Վախթանգովի և Վ. Մեյերխոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան (Մ. Գորկու «Կատակում», 1932, Շիլլերի «Սեր և խարդավանք», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934, Կ. Գոլդոնիի «հյուրանոցի տիրուհին», 1936) գտավ արդիական սուր մեկնաբանություն: Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին երևան եկան պատմա–հայրենասիրական և պատմա–հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ (Լ. Միքայելյանի «Գոշ», 1936, Ա. Արաքսմանյանի «էմանուել», 1938, Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1943, 1956, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942): Վ. Աճեմյանի նոր բեմադրությունները ևս (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1944, Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946) հաստատուն տեղ գրավեցին հայ սովետական թատրոնի պատմության մեջ: Այդ բեմադրություններում լիովին բացահայտվեցին Բ. Գաբրիելյանի, Ց. Ամերիկյանի, Լ. Զոհրաբյանի, Ս. Սուրենյանի, Ա. Ասրյանի, Գ. Հարությունյանի, Ա. Փաշայանի, նկարիչներ Վ. Շերիշևի, Մ. Սվախչյանի գեղարվեստական մեծ կարողությունները: Լ. դ. թ–ում Ա. Բուրշալյանը բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր» (1931), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1942), Կ. Սիմոնովի «Սպասիր ինձ» (1943), Արաքսմանյանի «Հրաբխի վրա» (1942), Ա. Աբարյանը՝ Սունդուկյանի «Քանդած օշախ» (1947), Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1948), Գորկու «Թշնամիներ» (1950) ևն, Ա. Հովսեփյանը՝ Ն. Զարյանի «Փորձադաշտ» (1953), Գ. Տեր–Գրիգորյանի «Վերշին մեխակներ» (1957), Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը» (1956): Վերջին շրջանի ուշագրավ բեմադրություններից են՝ է. Ֆաբրիի «Քեռի Ռուժեի ժառանգությունը» (ըստ Բալզակի, 1955), Ա. Օստրովսկու «Անօժիտ»-ը (1956), Վ. Հյուզոյի «Մարի Թյուդոր»-ը (1962, բոլորի ռեժ. Գ. Մկրտչյան), Սարտրի «Անթաղ մեռելներ»-ը (1971), Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը (1973), Ժ. Հարությունյանի «Հարսանիք – 1973»-ը (1973), Ա. Գելմանի «Կուսկոմիտեի նիստը» (1975, բոլորի ռեժ. Ե. Ղազանչյան), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա գավակները» (1973, ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան): Ւոքբի կազմի մեջ են (1977)՝ ՀՍՍՀ ժող. արտիստներ Ա. Արզումանյանը, ժ. Թովմասյանը, Ա. Ազնաուրյանը, Ն. Բոխյանը, վաստ. արտիստներ՝ Հ. Ղազազյանը, Ռ. Օդաբաշյանը, Ա. Քոչարյանը, Լ. Աբրահամյանը, Ս. Չոլախյանը, Կ. Սարգսյանը, Վ. Թամրազյանը, Լ. Ալիխանյանը, Վ. Հակոբյանը: Գլխավոր ռեժիսոր՝ Գ. Մկրտչյան, նկարիչ՝ է. Եդիգարյան: Լ. դ. թ–ում են աճել ՀՍՍՀ ժող. արտիստներ Վ. Վարդերեսյանը, Մ. Մկրտչյանը:
Լ. դ. թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956-ին «Օղակում», «Փորձադաշտ» ներկայացումներով՝ մասնակցել Մոսկվայում հայկ. արվեստի ու գրականության տասնօրյակին: 1965-ին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ Կարա Մուրզայի անվան, հիմնադրվել է 1934-ին, մինչ այդ (1924) ստեղծված երաժշտական ստուդիայի հիման վրա: Ուսումնարանի հիմնադիրներն են եղել կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը և Մ. Աղայանը: Ուսումնարանը 1977–78 ուս. տարում ուներ դաշնամուրային, լարային, տեսական, փողային, ժողգործիքների, խմբավարական, վոկալ բաժիններ (400 ուսանող), սիմֆոնիկ նվագախումբ:
Ուսումնարանում դասավանդել են կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը, Մ. Աղայանը, Ա. Այվազյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Դոլուխանյանը: Ուսումնարանի անվանի շրշանավարտներից են կոմպոզիտոր Գ. Չթչյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսներ Ե. Աբաշյանը, Ա. Բարսամյանը, Մ. Բրուտյանը, Կիևի կոնսերվատորիայի դասախոս, համամիութենական մրցանակաբաշխության դափնեկիր, ֆագոտիստ Ա. Աբաշյանը և ուրիշներ:
Նկարում` Գնացքները Լենինական կայարանում

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ, Հայկական ՍՍՀ երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը: Հիմնադրվել է 1897-ին: Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ (Լենինական) է ժամանել 1899-ի փետր. 7-ին: Հետագայում (մինչև 1902) երկաթուղին հասել է Ղարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուլֆա, ապա՝ Թավրիզ: Լ. ե.հ. ունի լոկոմոտիվային (տես Լենինականի լոկոմոտիվային դեպո) և վագոնային դեպոներ, կայարան, գծի ուղեմաս, մատակարարման և կապի տեղամասեր, կապիտալ շինարարության ու նորոգման ծառայություններ, ուր կատարվում է շոգեքարշերի ու էլեկտրաքարշերի միջին, ընթացիկ նորոգում, ապրանքատար վագոնների հիմնական և ընթացիկ նորոգում և տեխ. հատուկ սպասարկում:
Լ. ե. հ. ունի հեղափոխական հերոսական ավանդույթներ: Այստեղ են ստեղծվել Հայաստանում սոցիալ–դեմոկրատական առաջին խմբակները. 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխության տարիներին տեղի են ունեցել բանվորական գործադուլներ: Այստեղ է 1920-ի մայիսի 10-ին սկսվել Մայիսյան ապստամբությունը Հայաստանում: Լ. ե. հ–ի կոլեկտիվները գործուն մասնակցություն են ցուցաբերել 1920–30–40-ական թթ. երկրի քայքայված տնտեսության վերականգնման, հարևան շրջաններում կոոպերատիվ շարժման, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավերված երկաթգծերի վերականգնման աշխատանքներին: Ետպատերազմյան տարիներին Լենինականի երկաթուղայինները շուրջ հարյուր անգամ հաղթող են ճանաչվել համամիութենական, հանրապետական և անդրկովկասյան երկաթուղայինների սոցիալիստական մրցություններում: Լ. ե. հ–ի ավելի քան չորս հազար բանվոր ծառայողներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով, իսկ Ա. Խաչատրյանը, Ս. Միքայելյանը և Ս. Գևորգյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Տասնյակ երկաթուղայիններ ընտրվել են ՍՍՀՄ և ՀՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատներ, ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների պատգամավորներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ: Ստեղծվել է ՀՍՍՀ ժողկոմսովետի 1930-ի հուլիսի 5-ի որոշմամբ: Ունի հնագիտության–ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ: Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից: Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր ևն: Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի–Ալեքսանդրապոլ–Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին: Շիրակի հարթավայրի Քեթի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Տիրաշեն, Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում կատարված պեղումները (1970-ից) զգալիորեն հարստացրին Լ. ե. թ–ի նյութերը: 1977-ի վերջին թանգարանում կար 2000-ից ավելի հնագիտական ցուցանմուշ: Թանգարանի գեղանկարչական բաժնում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 150 կտավ, որոնց շարքում ներկայացված են Հ. Այվազովսկու, Գ. Բաշինշաղյանի, Վ. Մուրենյանցի, Մ. Սարյանի, Ս. Աղաշանյանի, Գ. Գյուրշյանի, Դ. Նալբանդյանի, Հ. Ռուխկյանի, Հ. Անանիկյանի և այլ նկարիչների գործեր: Թանգարանն ունի նաև հնագույն դրամների հարուստ հավաքածու (5000-ից ավելի)՝ հայկական, իրանական, ռուսական, թուրքական, հունական դրամների հազվագյուտ նմուշներով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ, թռչնաբուծական մթերք արտադրող արդյունաբերական ձեռնարկություն, Լենինականից 3 կմ հարավ–արևմուտք: Կառուցվել է 1955-ին Լենինականի ինկուբատորա–թռչնաբուծական կայանի բազայի վրա: Լենինական քաղաքի բնակչությանը ապահովում է դիետիկ ձվով և թարմ մսով: Պահվածքը վանդակային է, աշխատատար պրոցեսները՝ հիմնականում մեքենայաց–
ված: Առ 2-ը հունվ. 1976-ի Լ. թ. ֆ. ուներ 477 հզ. թռչուն, արտադրվել է 27 մլն ձու, միջին ձվատվությունը՝ 185 հատ, մսի տարեկան արտադրությունը՝ 502 տ: Ունի արտադրական հզոր բազա և ընդլայնման հեռանկար:
Նկարում` Լենինականի էլեկտրաքարշային դեպոն

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԴԵՊՈ, կազմակերպվել է 1965-ին: Բաղկացած է շոգեքարշային (գործում է 1900-ից), էլեկտրաքարշային (1953-ից) դեպոներից, միջին և ընթացիկ նորոգման արհեստանոցներից: Լ. լ. դ. Լենինականի երկաթուղային հանգույցի հիմնական, առաջատար տեղամասն է: Անդրկովկասյան երկաթուղու Երևանի (մինչև 1946-ը Լենինականի) բաժանմունքի քարշային հզորության մեծ մասը կենտրոնացված է Լ. լ. դ–ում: Դեպոյի էլեկտրաքարշերը, ջերմաքարշերը և շոգեքարշերը ապահովում են Այրում–Մասիս և Լենինական–Մարալիկ տեղամասում (մինչև 1940-ը՝ Թբիլիսի–Ջուլֆա) երկաթուղային բեռների տեղափոխումը:
Լ. լ. դ–ի կոլեկտիվը հեղափոխական պայքարի մեծ ավանդույթներ ունի: Այստեղ է ստեղծվել Հայաստանի ս–դ. առաջին կազմակերպություններից մեկը, որի գլխավորությամբ դեպոյի բանվորները արձագանքել են 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխությանը (ցույցեր, գործադուլներ), մասնակցել 1920-ի Մայիսյան ապսաամբությանը: Լ. լ. դ. 1962-ին արժանացել է կոմունիստական աշխատանքի ձեռնարկության կոչման: 1967-ին նրան հավերժ պահպանման է հանձված ՍՄԿԿ ԿԿ–ի և ՍՍՀՄ Գերագույն սովետի հուշադրոշը: Դեպոյի հարյուրավոր առաջավորներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, իսկ Ա. Խաչատրյանը և Ս. Միքայելյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Բազմաթիվ առաշավորներ ընտրվել են ՍՍՀՄ և ՀՄՍՀ Գերագույն սովետների դեպուտատներ, ՀԿԿ և ՍՄԿԿ համագումարների պատգամավորներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Վ. Չկալովի անվան, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1977-ին. ներառում է Լենինականի Վ. Չկալովի անվ. կարի ֆաբրիկան (գլխամասային), կարի երկրորդ ֆաբրիկան: Մասնաճյուղեր ունի Ախուրյանի շրջանի Ախուրյան, Ոսկեհասկ գյուղերում, Արթիկի շրշանի Պեմզաշեն քտա–ում և Փանիկ գյուղում: Թողարկում է մանկական շրջազգեստներ, կոստյումներ և վերնաշապիկներ՝ 40 մլն ռ. արժողությամբ: Վ. Չկալովի անվ. կարի ֆաբրիկան հիմնվել է 1932-ին: 1941-ի հունվարից նրան է միացվել սպիտակեղենի կարի ֆաբրիկան: 1960-ից ձեռնարկությունը մասնագիտացել է մանկական հագուստեղենի կարի գծով: Տարեկան թողարկվում է շուրջ 30 մլն ռ. մանկական հագուստեղեն: Ձեռնարկությունը քանիցս արժանացել է ՀՄՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության և ՀԱՄԽ–ի ճյուղային արհմիության կոմիտեի փոխանցիկ դրոշների, Հայկական ՍԱՀ Գերագույն սովետի պատվոգրերի: Ունի երկու մսուր–մանկապարտեզ և պրոֆիլակտորիում:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՀԵԾԱՆԻՎԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍԱՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1965-ին: Ունի գալվանա–լաքապատման, մամլման, հավաքման, փայտամշակման արտադրամասեր: Տարեկան թողարկում է «Մալիշ», «Լենինական», «Շիրակ» մակնիշի 330 հզ. մանկական հեծանիվ: «Մալիշ» հեծանիվը, որն արժանացել է որակի պետ. նշանի, արտահանվում է Հարավսլավիա, Ռումինիա, Կուբա, Մոնղոլիա ևն երկրներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Օրջոնիկիձեի անվան: Շահագործման է հանձնվել 1928-ին: Գտնվում է Լենինականից 11 կմ դեպի հս–արմ.: Օգտագործում է Ախուրյան գետի ջրերը: Կայանում տեղադրված են չորս ագրեգատ՝ 5,3 հզ. կվտ ընդհանուր հզորությամբ: Դերիվացիայի հաշվարկային ծախսը 7,5 մ3/վրկ է, ՀԷԿ–ինը՝ 6,4 մ3/վրկ: Հաշվարկային նորմալ ճնշումը՝ 114,0 մ: Հաստատված հզորությունը՝ 5,28 հզ. կվտ: Ամբարտակը գրավիտացիոն է: Ջրթափի բարձրությունը՝ 4,0 մ/, երկարությունը՝ 34,8 մ: Ներկայումս Լ. հ. աշխատում է միայն ձմռանը: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Ախուրյանի հիդրոէներգետիկ հանգույցը ջրային պաշարների կոմպլեքս օգտագործման ՍՍՀՄ առաջնեկն է:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ, երեխաների հանգստավայր քաղաքի արմ. մասում՝ Չերքեզի ձորի կանաչ գոտու և բարձունքների շրջանում: Գործում է 1969-ից: Կառուցումն սկսվել է դեռևս 1937-ին, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընդհատվել է: Լ. մ. ե. ունի 2700 մ երկարություն, երեք կայարան (Շողեր, Շուշան, Այծեմնիկ): Տարվա ընթացքում գործում է մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 8-ը: Մեկ սեզոնում սպասարկում է 10 հզ. ուղևոր:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Մ. Նալբանդյանի անվան, ՀՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն: Հիմնվել է 1934-ին, որպես երեկոյան քառամյա մանկավարժական ինստ., 1935-ից՝ Հայկական մանկավարժական ինստ–ի մասնաճյուղը: Առաջին ուս. տարում ունեցել է հայոց լեզվի և գրականության, ֆիզմաթ և պատմության բաժիններ (100 ուսանող), 1941-ին վերածվել է երկամյա ուսուցչական, 1945-ին՝ նորից քառամյա մանկավարժական ինստ–ի, որին զուգընթաց մինչև 1950-ը գործել է երկամյա ուսուցչական ինստ–ը: 1947-ին Լ. մ. ի. կոչվել է Մ. Նալբանդյանի անվամբ: 1960-ին վերստին դարձել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի մասնաճյուղը, 1966-ից՝ ինքնուրույն բուհ: 1964–75-ը գործել, է երեկոյան բաժինը: 1976–77-ուս. տարում ունեցել է ֆիզմաթ, բանասիրական, կուլտուրայի ֆակուլտետներ, ռուս–անգլ. բաժին, 14 ամբիոն, փորձարարական ֆիզիկայի լաբորատորիա, գրադարան (մոա 110 հզ. կաոր գիրք), ուսանողական գիաական ընկերություն (ՈԻԳԸ), մարզական համալիր: 1975–76 ուս. տարում տվել է 364 շրջանավարտ՝ 6 մասնագիտությամբ: Ունի շուրջ 1500 ուսանող, 150 դասախոս: Տարբեր ժամանակներում Լ. մ. ի–ում դասավանդել են Ա. Ղարիբյանը, Ա. Առաքելյանը, Գ. Սևակը, Ա. Տեր–Մկրտչյանը, Մ. Մազմանյանը, Մ. Փիրումյանը, Մ. Սողոմոնյանը, Ա. Շահինյանը, Լ. Սիմոնովը, Ա. Շավարշյանը, է. Աղայանը, Ն. Դաբաղյանը, Խ. Դուլանյանը և ուրիշներ: Հ. Ղուկասյան

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՄՍԻ–ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ, ՀՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1935-ին: Ունի սպանդի, ենթամթերքների, աղիքի, ճարպի, էնդոկրինային, կաշվի աղաբռնվածքի, օգտաթափոնքաալբումինային, երշիկեղենի կիսաֆաբրիկատների, պահածոների (թիթեղյա և փայտյա տարաների բաժիններով) արտադրամասեր, սառնարան: Արտադրում է միս, երշիկեղենի և ապուխտեղենի՝ ավելի քան 80, կիսաֆաբրիկատների՝ 12, պահածոների 22 տեսակ, մսոսկրային, արյան, ոսկրային ալյուր, ալբումին, տեխ. և սննդի ճարպ, պեպսին: 1935-ին
ապրանքային արտադրության ծավալը կազմել է 8228 հզ. ռ., 1976-ին՝ 37108 հզ. ռ.: Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, հում ապխտած երշիկը առաքվում է նաև Մոսկվա, Թբիլիսի և այլ քաղաքներ: 1971-ին արժանացել է ՍՍՀՄ ԺՏՆՑ–ի բրոնզե մեդալի (երշիկեղենի նոր «Խճողակած ռուլետ» տեսակի համար), իսկ 1976-ին՝ ՀՍՍՀ ԺՏՆՑ–ի I աստիճանի դիպլոմի: 1975-ին (Բուդապեշտում) և 1976-ին (Պրագայում) «Հողը՝ կերակրողը» ցուցահանդեսում ստացել է պատվոգիր և դիպլոմ: 1974-ին կոմբինատին տրվել է հեղինակային արտոնագիր՝ երշիկեղենի գունավորման նոր (առանց նիտրիտի կիրառման) մեթոդի համար:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ս. Դ. Մերկուրովի անվան, հիմնադրվել է 1921-ին, որպես ստուդիա: 1936-ին դարձել է քառամյա նկարչական դպրոց, 1947-ին կոչվել է քանդակագործ Ս. Դ. Մերկուրովի անունով: Առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ա. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ: Դպրոցն ունի (1977) գեղանկարչական, ձևավորման և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններ: Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միշազգային ցուցահանդեսներում: Շրջանավարտներից են՝ Խ. Եսայանը, Մ. և Ե. Ասլամագյանները, Կ. Տիրատուրյանը, Հ. Մինասյանը, Ա. Հունանյանը և ուրիշներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ, կազմակերպվել է 1937-ին: 1956-ից ենթարկվում է ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության երկրագործության ԳՀԻ–ին: Զբաղվում է դաշտային կուլտուրաների սելեկցիայի, սերմնաբուծության, մշակման տեխնոլոգիայի, կենսաբանական ու տնտ. արժեքավոր հատկություններով օժտված նոր սորտերի ստեղծման ու արտադրության մեջ արմատավորելու հարցերով: Ստացվել ու շրջանացվել են ցորենի 3, գարու 1, հատիկա–ընդեղենի 3 (լոբի, սիսեռ, ոսպ), կտավատի 2 սորտ: Կայանն ունի 550 հա հողատարածություն, որից ջրովի վարելահող՝ 370 հա (1975):

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ «ՍՏՐՈՄՄԱՇԻՆԱ» ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն, հիմնադրվել է 1959-ին, թողարկում է քարեզրահատող և քարֆրեզող հաստոցներ: Գործարանն ունի 9 հիմնական և 3 օժանդակ արտադրամաս: Ձեռնարկությունը թողարկում է (1977) մոտ 8 մլն ռ. արտադրանք, որն առաքվում է երկրի մոտ 40 քաղաք:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, առաջին մանկական թատրոնը ՀՍՍՀ–ում: Հիմնադրվել է 1935-ի մարտին՝ ռեժիսոր Հ. Դյոգալյանի շանքերով: Այդ տարիներին Լ. տ. թ–ի շուրջն են համախմբվել Լենինականի դրամատիկ թատրոնի դերասաններ, հետագայում ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Ա. Փաշայանր, Ռ. Օդաբաշյանը, Լ. Բադալյանը, Ա. Հարությունյանը և ուրիշներ: Լ. տ. թ. իր գործունեությունն սկսել է «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան» (ռեժիսոր՝ Հ. Դյոզալյան) պիեսներով: Լ. տ. թ–ի հետ համագործակցել են անվանի ռեժիսորներ Վ. Աճեմյանը և Ա. Արմենյանը, որոնք գրել և բեմականացրել են մանկական պիեսներ: Մեծ հաջողությամբ են բեմադրվել «Չախ–չախ թագավորը» (1936, Վ. Աճեմյան), «Քաջ Նազարը» (1937, Ա. Արմենյան) ներկայացումները: Անցած ավելի քան քառասուն տարիներին թատրոնի խաղացանկում տեղ են գտել Դ. Դեմիրճյանի «Նազելին» (գրվել է հատկապես Լ. տ. թ–ի համար), «Գառնուկ ախպեր», «Կարմիր գլխարկ», «Մարտիկի երազը», «Ոսկե ձկնիկը», «Շունն ու կատուն», «Անմահական խնձոր» և այլ ներկայացումներ, որոնց մասնակցել են տիկնիկավարներ Դ. Պայազատը, Կ. Դարայանը, Ն. Ալիխանյանը, Լ. Մեսրոպյանը և ուրիշներ: Թատրոնի նկարիչներն են եղել Վ. Շերիշևը, Կ. Մինասյանը, Զ. Սիմոնյանը, կոմպոզիտորները՝ Դ. Միրզոյանը, Ա. Շիշյանը և ուրիշներ: Բեմադրությունների տիկնիկները պատրաստել է Ա. Ղազարյանը: Մեծ ավանդ ունի ՀՍՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Ս. Ալիխանյանը, որի շանքերով ետպատերազմյան դժվար պայմաններում վերսկսվեց թատրոնի գործունեությունը: Հ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բեմադրված «Տերն ու ծառան» ներկայացումը արժանացել է մրցանակի: Ներկայումս Լ. տ. թ–ի ռեժիսորներն են Ա. Ղուկասյանը և Ա. Տեր–Դրիգորյանը: 1973-ից Լ. տ. թ. «ՅՈւՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈւՆԻՄԱ) անդամ է:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, առաջին տպարանը հիմնել է Դ. Մանոյանը, 1876-ին: 1900-ական թթ. տպարանն անցել է նրա որդուն՝ Հովհաննեսին և գոյատևել մինչև 1918-ը: Գործել են նաև Ա. Մալխասյանի «Այգ», Կ. Ափինյանի «Շիրակ», Հ. Ղասաբյանի և այլ տպարաններ: 1903-ին լույս է տեսել 20, 1906-ին՝ 21, 1907-ին՝ 19, 1912-ին՝ 23 անուն գիրք: Տպագրվել են գեղարվեստական, հրապարակախոսական, բանասիրական, բառարանագրական, պատմագիտական, բժշկ., մանկավարժական և այլ բնույթի գրքեր՝ աշխարհաբար, գրաբար և ռուս.: Առանձնապես շատ են հրատարակվել աշուղական գրքեր: 1882-ին Գ. Սանոյանի տպարանում լույս է տեսել աշուղ Ջիվանու առաջին երգարանը, 1887-ին՝ նրա «Աշըղ Ղարիբի հեքիաթը», 1888-ին՝ «Քյարամի և Ասլիի հեքիաթը», աշուղ Շերամի «Սեր և կռիվ» (1907), «Անշուր պարտեզ» (1913), «Անզուսպ արշավ» (1915) ևն: 1880-ական թթ. հրատարակվել են Ա. Խնկոյանի առակների, Հովհ. Կոստանյանի բանաստեղծությունների ժողովածուները, 1898-ին՝ Ավ. Իսահակյանի «Երգեր ու վերքեր» անդրանիկ ժողովածուն: Ուշագրավ են Հ. Համբարձումյանի, Ա. Արամյանի, Մ. Տարախչյանի անտիկ, եվրոպական և ռուս գրականությունից կատարած թարգմանությունները: 1917-ին լույս է տեսել թարգմանական–բանաստեղծական երեք ժողովածու՝ առաջին գիրքը վերնագրված է «Հեղափոխական երգեր» (կազմողներ և բանաստեղծությունների մի մասի թարգմանիչներ՝ Գ. Հանեսօղլյան և Կ. ՏերՄարգսյան), երկրորդում ամփոփված են Վ. Տերյանի, երրորդում՝ Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի և Գ. Աֆրիկյանի բանաստեղծությունները՝ Ս. Փիրվերդյանի ռուս. թարգմանությամբ: Արձակի և թատերագրության բնագավառներից հիշարժան են Ս. Տեր–Մելիքսեդեկյանի «Տիրացու Մարկոս, վեպ Շիրակա կյանքից» (1892), Հ. Պարոնյանի «Երգիծական հատվածներ» (1904) գրքերը, Լ. Մանվելյանի, Ատրպետի մի շարք երկերը: Ուշագրավ են Կ. Ավփնյանի կազմած պատի և սեղանի օրացույցները (1899–1921), հայ կանանց հեղինակած և հրատարակած «Ոստիկ» (1904) հատորը և «Ախուրյան» (հրտ. 1902) օրացույցը, Ա. Մխիթարյանի «Փշրանք Շիրակի ամբարներից» (1901) բանահյուսական ժողովածուն, «Ասպարեզ» (1912), «Երիտասարդ», «Նոր ուղի» գրական ժողովածուները, Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը» (1910, առաջին անգամ), Գ. Լևոնյանի «Հայ աշուղներ» (1892) և «Հայոց պարբերական մամուլը» (1895) գրքերը, Ա. Տերտերյանի «Միքայել Նալբանդյան, ազգության հրապարակախոսը» (1910), Ն. Մանվելյանի «Ռուսահայ գրականության պատմություն»-ը (4 պրակ, 1909–10) ևն: Գիտության տարբեր բնագավառներին են վերաբերում Մ. Գևորգյանի «Համառոտ տեսություն հնությանց Մեծին Շիրակա մայրաքաղաքին Անվո» (1903), Թ. Թորամանյանի «Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը» (1911), Ա. Ղլտճյանի մի քանի գրքերը: Պատերազմի և հեղափոխության խնդիրներին են նվիրված Բ. Ղարիբջանյանի «Քաղաքական այբբենարան» (1918), «Անկախ սոցիալդեմոկրատների ծրագրի քննադատությունը» (1919) գրքերը: Լենինականի առաջին պարբերականը՝ «Ալեքսանդրոպոլսկիյե օբյավլենիյա» («Александропольское объявления») շաբաթաթերթը, լույս է տեսել 1902–07-ին, խմբագիր–հրատարակիչ՝ Կ. Ափինյան: 1907–14-ին նրա ջանքերով հրատարակվել է «Ախուրյան» երկօրյա թերթը: Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը լույս է տեսել ավելի քան երեսուն անուն պարբերական: 1923-ից հրատարակվում է «Բանվոր» օրաթերթը: 1921-ին պետականացվել են բոլոր տպարանները: Նույն թվականից գործում է Լենինականի Գ. Հանեսօղլյանի անվ. տպարանը, որտեղ տպագրվում են գեղարվեստական գրականություն, «Բանվոր» օրաթերթը ևն: Իրենց տպարաններն ունեն Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ի Լենինականի մասնաճյուղը, երկրաբանության ու ինժեներային սեյսմոլոգիայի ինստ–ը և մի քանի արտադրական ձեռնարկություններ:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ, ՀՍՍՀ թեթե արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Կազմակերպվել է 1958-ին՝ առանձնացվելով գուլպա–տրիկոտաժի ֆաբրիկայից: Այդ շրջանում ունեցել է գործող և կարող տեղամասեր: 1965-ին և 1977-ին Լ. տ. ֆ. վերակառուցվել է: Շարք են մտել հենքագործվածքային, ներկման–վերամշակման, գործող և կարող նոր արտադրամասեր և լաբորատորիաներ, մեքենահաշվային կայան: Ֆաբրիկան թողարկում է (1977) 12 մլն հատ տրիկոտաժե սպիտակեղեն՝ 16 մլն ռուբլի արժողությամբ: Արտադրանքի 9 տեսակներ ունեն որակի պետ. նշան: Լ. տ. ֆ–ի արտադրանքի զգալի մասն իրացվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններում, առաքվում Մոնղոլիա: Ֆաբրիկայի մի քանի տասնյակ տրիկոտաժագործներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով:
Լ. տ. ֆ–ի օգնությամբ ստեղծվել և գործում են Սպիտակի (1965-ից) և Արթիկի (1970-ից) տրիկոտաժի ֆաբրիկաները:

Call Now Button