ՀԱՅՏՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ

ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ (1846-1909)

Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է: Նա հայ աշուղական երգը մաքրել է օտար երաժշտությունից, բարբառային արտահայտություններից, հարստացրել ժողովրդական երաժշտության տարրերով և ստեղծել է հեղինակային մեղեդի:

Ջիվանին (Սերովբե (Սերոբ) Լևոնյան) 6 տարեկանում որբացել է, մեծացել է հորեղբոր խնամքի տակ: Աշուղական երգի առաջին դասերն առել է համագյուղացի աշուղ Ղարա Ղազարից (Սիայի), յուրացրել ընդունված կանոնները, սովորել է նաև ջութակ ու քաման նվագել:

1867 թ-ին Կարծախ հյուրախաղերի եկած երիտասարդ աշուղ Սազայու (Աղաջան) հետ Ջիվանին մեկնել է Թիֆլիս, 1 տարի երգել է վանեցի մի հայի սրճարանում, անուն ձեռք բերել, որտեղից նրան հրավիրել են ալեքսանդրապոլցի սրճարանատեր Տալոյանները (Տալյաններ. այդ գերդաստանից են սերել հայտնի աշուղներ Ջամալին ու Շերամը, երգիչ Շարա Տալյանը):

1868–95 թթ-ին Ջիվանին ապրել է Ալեքսանդրապոլում, գործակցել անվանի աշուղներ Ջամալիի, Զահրիի, Մալուլի, Ղեյրաթի, Ֆիզայու հետ, ծանոթացել հայ գրողներ Րաֆֆու, Պատկանյանի և մյուսների գործերին, ուսումնասիրել հայ և արևելյան ժողովուրդների պատմությունն ու բանահյուսությունը: Այս ամենն անջնջելի հետք է թողել Ջիվանու աշխարհայացքի ձևավորման ու գրական գործունեության վրա: Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում:

25-հոգանոց աշուղական իր խմբով Ջիվանին հաճախակի ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, եղել է նաև Դերբենդ, Մախաչկալա, Ռոստով, Խարկով քաղաքներում ու շրջակա հայաբնակ գյուղերում և ներկայացրել հայ աշուղական երգի լավագույն նմուշները (Սայաթ-Նովա, Միսկին-Բուրջի, Շիրին և այլն):

 1895 թ-ին ընտանիքի վիճակը բարելավելու և զավակներին կրթության տալու նպատակով Ջիվանին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել է դժվար կյանքով: Վերջին անգամ Ջիվանին ելույթ է ունեցել 1908 թ-ի հոկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց մահացել է:

Ջիվանին աշուղի դասական կերպար է: Նա ավելի քան 40 տարի ծառայել է իր ժողովրդին, դարձել նրա ձգտումների ու երազների թարգմանը. իր իսկ բնորոշմամբ՝ «ազգի մշակ է երգիչը, սրտով իստակ (մաքուր) է երգիչը»:

Կարեկցելով և սատարելով թշվառ, հիվանդ ու հուսահատ մարդկանց՝ Ջիվանին չի վարանում զայրույթի իր խոսքն ուղղել խարդախությամբ հարստության տեր դարձած մեծատուններին, առանց երկմտելու գրել. «Անվանի գողերը մեծերն են հիմա»:

Ջիվանին բազում թելերով կապված էր հայրենի հող ու ջրին («Հայրենիքիս ջուրը», «Առավոտյան քաղցր հովիկ» և այլն), լավ էր ճանաչում հայ գյուղը, ծանոթ էր աշխատավորի ծանր վիճակին: Ճիշտ է, աշուղն իր երգերում այդ վիճակից դուրս գալու ուղիներ չի նշում, բայց «Ժողովուրդ» երգում հիշատակում է ջրհեղեղ հիշեցնող նրա ուժի ու թափի մասին, որ «թե միացավ, սարը տեղից կհանի»:

Ջիվանու հայրենասիրական երգերը («Ծիրանի ծառ», «Ազգ իմ, որքան նկուն մնաս», «Անի», «Էլի մոտս եկան հայոց քաջերը», «Հայրենիք», «Հայի ճուտ» և այլն) բացառիկ տեղ են գրավում հայ աշուղական պոեզիայի պատմության մեջ:

Առանձնահատուկ է «Ձախորդ օրերը» երգը, որը նաև հայ դասական աշուղական պոեզիայի լավագույն նմուշներից է: Տարիներ շարունակ այն հույս ու հավատ է ներշնչում հայ մարդուն նրա կյանքի ողբերգական պահերին, լավատեսորեն տրամադրում վաղվա օրվա հանդեպ:

Բարոյախրատական երգերում Ջիվանին գովերգում է ընկերությունը, ազնվությունը, հավատարմությունը, անձնազոհությունը, ծնողասիրությունը և որդեսիրությունը, պախարակում ագահությունը, տմարդությունը, ժլատությունը, ապերախտությունը, քարոզում է հետևել լուսավորությանն ու գիտությանը («Քո փափագով», «Ընկեր», «Այծյամ», «Պաղ աղբյուրի մոտ» և այլն):

Ջիվանին շարունակել ու խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկզբնավորած և Սայաթ-Նովայի զարգացրած՝ երգի համար հատուկ եղանակ հորինելու ավանդույթը, օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից՝ այն ներկայացնելով նորովի:

Ջիվանու լեզուն պարզ է, անպաճույճ և հագեցած ժողովրդական բառ ու բանով: Նա մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը:

Մեծ աշուղն օժտված էր նաև երգիծելու ակնհայտ տաղանդով («Անգործ, պարապ ման եկողը», «Ագահ հարուստ», «Պատահմունք» և այլն): Իսկ հանրահայտ «Խելքի աշեցեք» ասերգի մեջ անհամատեղելի, երբեմն էլ պարզապես հակոտնյա երևույթների համադրությամբ Ջիվանին սոցիալական խոր ընդհանրացումներ է անում:

Ջիվանին մեծ փիլիսոփա ու բարոյագետ է. նրա բազմաթիվ իմաստուն խորհուրդներ դարձել են թևավոր խոսքեր:

Ավանդաբար, ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Կարծախում կազմակերպվում է Ջիվանու երգի տոն: 1996 թ-ին, ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիրվել է գիտաժողով, նույն թվականին Կարծախում տեղադրվել է Ջիվանու կիսանդրին, 2006 թ-ին Ախալքալաքում՝ հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), նրա մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Պոետի վերադարձը» (2007 թ., ռեժիսոր՝ Հարություն Խաչատըրյան): «Սայաթ-Նովա» մշակութային միության ջանքերով 2009 թ-ին լույս է տեսել «Աշուղ Ջիվանի. Անհայտ երգեր» գիրքը:

Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:


ԳԵՈՐԳԻ ԳՅՈՒՐՋԻԵՎ (1866-1949)

Փիլիսոփա, օկուլտիստ, կոմոզիտոր և ճանապարհորդ Գեորգի Գյուրջիև ծնվել է Ալեքսադրապոլի Կապադովկիա հունական շրջանում: Նրա հայրը մեծ ժողովրդականություն վայելող հույն աշուղ Ադաշն էր, իսկ մայրը հայուհի էր:

1878 թ. ընտանիքը տեղափոխվում է Կարս. Գյուրջիևին իր հովանավորության տակ է առնում կարսի Մայր տաճարի հոգևոր հայր Բոշը: Անբացատրելի հակումը դեպի անսովորը ստիպում է Գյուրջիևին մեկնել Կ.Պոլիս: 1889-1917 թթ. Գյուրջիևը շրջագայել է շուրջ 20 երկրներում, մտել փակ վանքեր, գաղտնի մենաստաններ, ապրել և կրթվել իսլամական միստիկ ուսուցիչների, հնդիկ աղանդապետերի, դերվիշ աճպարարների և տիբեթյան յոգերի մոտ: Ճանապարհորդության ընթացքում զբաղվում էր տարբեր արհեստներով՝ մեքենաների, գորգերի ու հագուստների նորոգմամբ, մանրավաճառությամբ, հնավաճառությամբ և այլն: 1912 թ. Մոսկվայում և Պետերբուրգում դասախոսություններ է կարդացել արևելյան միստիկ ուսմունքների մասին: 1918 թ. իր համախոհների հետ Թիֆլիսում հիմնում է մարդու ներդաշնակ զարգացման հաստատություն: Սակայն շուտով հարկադրված է լինում տեղափոխվել Կ.Պոլիս, իսկ ապա՝ Փարիզ, ուր և 1922 թ. վերաբացում է նշված հաստատությունը: Դպրոցի ծրագրերում եղել են հին լեզուների ուսուցում, բժշկագիտություն և դեղաբույսերի ուսումնասիրում, հոգեբանական խնդիրների լուծում, մարմնամարզություն, երաժշտություն և ծիսական պարեր: Այդ կիսակրոնական բնույթի վարժարանի պատերից ներս գրեթե վանական կյանք էր տիրապետում: 1933 թ. ավտովթարի ենթարկվեց և ստիպված եղավ փակել դպրոցը, այդ ժամանակվանից զբաղվել է դասախոսական և փիլիսոփայական գործունեությամբ: Հրապարակել է մի շարք գրքեր («Լավ գալիքի բանբեր», «Իրական կյանքի տեսարաններ», «Թմրանյութեր և հորմոններ», «Մոգերի պայքարը», «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» և այլն), նրա տեսությունը հայտնի է նաև «Չորրորդ ուղի» անվամբ:


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957)

Բանաստեղծ և արձակագիր, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը  ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:

Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:

1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:

Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։

Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի:

Իսահակյանի պոեզիան իր քնարական ներշնչմամբ, բացառիկ մեղեդայնությամբ և զգացմունքների մաքրությամբ նոր բարձունքի է հասցրել հայ քնարերգությունը: Նրա շնորհիվ հայ մարդու վիշտն ու թախիծը, բերկրանքն ու կարոտը հասկանալի դարձան աշխարհի ժողովուրդներին։ Նա դարձավ իր ժողովրդի ազատաբաղձ հոգու և արդարության դարավոր կարոտի թարգմանը:

Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»):

Իսահակյանի պոեմներից յուրաքանչյուրը խոհափիլիսոփայական մի աշխարհ է՝ կերտված բանաստեղծական հանճարի բացառիկ ուժով։ «Ալագյազի մանիները» (1895–1917 թթ.) պոեմը հայրենի բնաշխարհի հավերժության արտացոլումն է, երիտասարդ Ավետիքի և Զարոյի զուլալ սիրո պատմությունը: «Իմ կարավանը» (1906 թ.) պոեմ է հայոց անցյալի փառքի մայրաքաղաք Անիի մասին։ Բանաստեղծը հիանում է մեր հերոսական պատմությամբ և ոգեկոչում պայքարի նոր գաղափարներ։

Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին:

Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները:

Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում:

Իսահակյանի «Մասըսա Մանուկը» (1895–1905 թթ.)  վիպասքը, որտեղ պատկերված են XIX դարի վերջի հայ իրականությունը, ժողովրդի ազատասիրական ուժերի պայքարն օսմանյան բռնակալության դեմ` հայդուկների գլխավորությամբ, հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Մասըսա Մանուկը մեր օրերի Սասունցի Դավիթն է՝ հայ ժողովրդի ապստամբ ոգու հավաքական կերպարը: Սա  դասական էպոսի ավանդույթներով ստեղծված, սակայն նոր բովանդակությամբ հերոսական ասք է:

Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910 թ.)։ Հանձին 10-րդ դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի կյանքի պատմությունը, որքան իր անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի ողբերգական ճակատագրի վերաբերյալ։ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է ժամանակի դաժան ու տմարդի իրականությանը։ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը:

Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում, բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և հավասարության դարավոր ծարավը։ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել  տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր հացին ու վաստակին։

Հայ արձակի լավագույն գործերից է Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ-ին). այն օսմանյան լծից Հայաստանի ազատագրմանը ձոնված երկ է, որտեղ հեղինակը ներկայացրել է հայ մարդու հոգեբանության և բնավորության ճշմարիտ ու ամբողջական պատկերը։

Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում («Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներ։ 2001 թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:

Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական հնչողությամբ համամարդկային են։

ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում:

ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:


ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ (1879-1950)

Կոմպոզիտոր, խմբավար, Հայկական ԽՍՀ և Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է:

Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին: Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը: Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ:

1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները:

1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության: Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում: «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում: Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը:

Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին: Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով: Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական:

1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–21 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով: Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:

1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն):

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում: Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով: Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թ-ին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թ-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո` Երևանի օպերայի և բալետի թատրոնում:

Տիգրանյանը գրել է երաժշտություն  նաև թատրոնի համար [Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ` ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն], հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները:

Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը:


ՍԵՐԳԵՅ ՄԵՐԿՈՒՐՈՎ (1881-1952)

20-րդ դարի ականավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Դմիտրիի Մերկուրովը նպաստել է խորհրդային կարգերի և հայ քանդակագործության գաղափարական ու պրոֆեսիոնալ առաջընթացին, նրանում իրական ու գերչափական մեթոդների ամրապնդմանը, որը սակայն զերծ չի մնացել ժամանակի իշխանությունների մեծարման ցուցադրական քարոզչությունից:

Մերկուրովը 1905 թ. ավարտել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիան, իսկ 1910 թվականից հաստատվել է Մոսկվայում:

Մերկուրովի ստեղծագործությունները նախահեղափոխական շրջանում ունեին եգիպտական մոնումենտալիզմին բնորոշ խստություն (Դոստոևսկու և Տոլստոյի արձանները Մոսկվայում): Իսկ խորհրդային իշխանության տարիներին դարձել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանի ամենաակտիվ իրականացնողներից մեկը, ստեղծել է Մարքսի, Տիմիրյազևի հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել Լենինի կերպարին, որի առավել ակնառու նմուշներից են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում դրված 16 մետրանոց գրանիտե արձանը, Երևանի Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակում) 9 մետրանոց պղնձակոփ հուշարձանը: Մերկուրովի ստեղծագործությունների թվին են պատկանում Շահումյանի գրանիտե հուշարձանը Երևանում, Լոմոնոսովի, Ձերժինսկու, Ստալինի արձանները:

Խորհրդային արվեստի նշանակալից կոթողներից են բարդ և արտահայտիչ խմբավորում ունեցող և ողբերգական շնչով առլեցուն «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը և «Առաջնորդի մահը» խմբաքանդակը:

Մերկուրովն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Նրան շնորհվել է Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում և, ի հավերժացում մեծ արվեստագետի հիշատակի, տեղի նկարչական դպրոցը 1947 թվականից կոչվում է նրա անունով:


ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ (1905-1977)

Ռեժիսոր, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից  եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:

1924 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1926 թ-ին՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:

Բեմական գործունեությունն սկսել է 1927 թ-ին. կազմակերպել ու ղեկավարել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ստուդիան, ապա եղել Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան, գեղարվեստական ղեկավար, 1939 թ-ից` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, 1953-ից` գլխավոր ռեժիսոր: 1944 թ-ից դասավանդել է գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1947–50 թթ-ին` երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: Աճեմյանի գործունեության սկիզբը համընկել է թատրոնի զարգացման այն շրջափուլին, երբ նորարարական ոգին գերիշխում էր ավանդույթներին, իսկ երևույթները ժամանակակից ըմբռնումներով ներկայացնելը պահանջում էր բեմական նոր արտահայտչաձևեր: Այդ հոսանքի առաջատարներից էր նաև Աճեմյանը: Նրա ստեղծագործության ակունքն անվանի ռեժիսոր Եվգենի Վախթանգովի արվեստն էր. պատահական չէր, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի Աճեմյանի բեմադրությունը համեմատել են Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Աճեմյանը ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի երաժշտական կոմեդիայի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Տիգրան Չուխաճյանի «Կարինե» և այլն), օպերայի և բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ» և այլն)  թատրոններում: Հայ թատրոնում Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի Աճեմյանի բեմադրությունը հասել է կատարելության: Նրա բոլոր ներկայացումները ստեղծվել են պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով, ինքնատիպ մտածողությամբ: Աճեմյանի ռեժիսորական ուշագրավ աշխատանքներից են նաև Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլ ներկայացումներ: Նա նաև նկարում էր («Ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ», 1968 թ.), այդ պատճառով էլ մեծ նշանակություն էր տալիս ներկայացումների նկարչական ձևավորմանը:

Աճեմյանի արվեստը բարձր են գնահատել ժամանակի արվեստագետները, քննադատները, նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր:

Աճեմյանի անունով են կոչվել Գյումրիի դրամատիկական թատրոնը և Լոս Անջելեսի հայկական թատրոններից մեկը:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (1915-1984)

Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ:

1925–32 թթ-ին սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932 թ-ին տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941-45 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:

1935 թ-ին լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:

1946 թ-ին լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ. ցավն ու տառապանքը մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968 թ.), «Համամարդկային» (1975 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965 թ., Բեյրութ, 1990 թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982 թ.) պոեմներով:

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում…», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն):

Բանաստեղծի սիրերգության մեջ տեղ են գտել սիրո գրեթե բոլոր հոգեվիճակները՝ բռնկուն սերը, սիրո բերկրանքը, սառնությունը, հանդիպման հույսը, խաբվածությունը, կարոտը, ցավը, հիասթափությունն ու ատելությունը («Ծիածանների լարերը վրան», «Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման…» և այլն):

Ընդգրկուն է Շիրազի հայրենասիրական պոեզիան. պատմական անցյալ, Հայաստանի վերածնունդ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական ճշմարտության վերահաստատման հույս, հայոց լեզվի դերի կարևորում՝ որպես ազգային ինքնության նախադրյալ («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Անի» և այլն):

1915 թ-ի Մեծ եղեռնը Շիրազը համարում է մարդկության «մեղքերի մեղքը»: «Հայոց դանթեականը» լայնաշունչ պոեմում բանաստեղծը նկարագրում է դարավոր ոսոխի վայրագությունները, հայ ժողովրդի անասելի ողբերգությունը, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը:

Շիրազի պոեզիայում առանձնահատուկ ոգեշնչվածությամբ է հառնում Արարատ լեռան սրբազան պատկերը. Արարատը հայության միավորման, հայրենիքի անսասան ուժի, նաև կորստյան ցավի ու կսկծացող կարոտի խորհրդանիշ է, ազգային հիշողության մարմնացում («Կուզեի նստել մի քարի վրա», «Վերջին կտակ», «Արարատին», «Վերջին իղձս» և այլն):

Ժամանակի հետ իր բանավեճը Շիրազը շարունակել է նաև քառյակների «Յոթնապատում» (1977 թ.) գրքում և առակներում («Մարգարիտն ու փրփուրը», «Լեռան պատասխանը», «Հավերժական վեճը», «Արծիվն ու մժեղը», «Օձն ու մեղուն» և այլն), որոնց հիմնական թեման բարոյական արժեքների անկումն է:

Շիրազի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով:

Երևանում, ՀՀ այլ վայրերում նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: 2002 թ-ին Գյումրիում բացվել է Շիրազի տուն-թանգարանը, Երևանում (2005 թ.) և Գյումրիում (2007 թ.) կանգնեցվել են հուշարձանները (քանդակագործ՝ Արա Շիրազ):


ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ (1928-1975)

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանը (Մինաս) 1960-ական թվականների հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչներից է:

Մինաս Ավետիսյանը 1947–52 թթ-ին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54 թթ-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը:

Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960–63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր:

Մինասը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964 թ.), «Գաղթ» (1965–67 թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958 թ.), «Տերևներ հավաքողները» (1960 թ.), «Ջաջուռ» (1960 թ.),  «Հաց են թխում» (1963 թ.), «Խնոցի են հարում» (1964 թ.) և այլ կտավներ: Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967 թ., «Խաչելություն», 1975 թ.):

Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները:

Բեմանկարչական իր ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

1972 թ-ին հրդեհվել է նրա արվեստանոցը. այրվել է 100-ից ավելի նկար, մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008 թ-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982 թ-ին):

Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները ցայսօր պարզված չեն:

Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: 1977 թ-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:


ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ (1930-1993)

Թատրոնի և կինոյի նշանավոր գործիչ, Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը մեծ ներդրում ունեն հայ դերասանական և ռեժիսորական արվեստների զարգացման մեջ:  Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:

Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946 թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել գրոտեսկային դերապատկերներ ստեղծելու, դրանք հումորով «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքով. լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված «փոքր» մարդիկ էին:

1953 թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և´ խարդախում էր, և´ կեղծում, և´ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը:

Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):

Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:

Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:

Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն):

Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար  (2003 թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010 թ., քանդակագործ` Արամ Մարգարյան):

Call Now Button