ԳՅՈՒՄՐԻ՝ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՊԱՏՎՈ ԲԼՈՒՐ

Պատվո բլուրը գտնվում է Գյումրու հարավային հատվածում՝ ոչ բարձր բլրակի վրա: 19-րդ դարի առաջին կեսին եղել է քրիստոնեական գերեզմատուն, ուր թաղվել են քաղաքացիական և զինվորական անձինք: 1853 թ. համալիրը ստացել է «Պատվո բլուր» անվանումը: 1877-78 թթ.  ռուս-թուրքական պատերազմից հետո գերեզմանատանը կից կառուցվել է փոքր եկեղեցի-ժամատուն՝ սուրբ Միխայիլ Արխիստրատիգի անունով: Ժամատունը օծվել է 1886 թվականին:

Սպիտակ թիթեղապատ տանիքի պատճառով ալեքսանդրապոլցիները եկեղեցին կոչել են «Պլպլան ժամ», այս անվանումը պահպանվել է մինչև օրս: Խորհրդային տարիներին ժամատանը հարող գերեզմանոցն ամբողջովին ավերվել է: 2011 թ. «Պատվո բլուրի» տարածքը և ժամատունը բարեկարգվել և վերանորոգվել  է: Ժամատան հարևանությամբ տեղադրվել է ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակի պատվին Կարսում կառուցված հուշարձանի մասամբ փոփոխված կրկնօրինակը:


ԱՂԱԲԱԲՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ

20-րդ դարի սկզբին հայտնի մեծահարուստ  Աղաբաբյան եղբայրների կողմից  կառուցված շինություն է Ալեքսանդրապոլում: Երկհարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով շինություն է, ունի յուրատիպ  ճարտարապետական հորինվածք: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն դարձել է բազմաբնակարան բնակելի տուն, որի հետևանքով բազմաթիվ լրակառուցումներ են իրականացվել, որը և խաթարել է կառույցի արտաքին տեսքը՝ մասնավորապես ամբողջովին ոչնչացել է բակային հատվածի փայտյա նախշազարդ պատշգամբը: 1988 թ. երկրաշարժի արդյունքում տունը խիստ վթարվել է:


ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ

Ալեքսանդրապոլում հայտնի Յուզբաշյան մեծահարուստ ընտանիքի կողմից 1880-ականներին կառուցված տուն է Թումանյան – Ջիվանի փողոցների հատույթում, որը ծառայել է որպես շահութաբեր տուն: Մեկուկես հարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով, Ալեքսանդրապոլում այդ շրջանում ընդունված դասական ճարտարապետական ոճով իրականացված ինքնատիպ կառույց է: Կիսանկուղային հարկն ունի թաղակապ հորինվածք:

Կառուցվել է 1905 թ. որպես բնակելի տուն Յուզբաշյան ընտանիքի համար: Սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով ճարտարապետական կատարյալ հորինվածք է: Թաղակապ նկուղն իր ժամանակի ինժեներական մտքի փայլուն դրսևորումներից է: Ունի նաև ջրահեռացման յուրօրինակ լուծում: Բակը պարսպապատված է սրբատաշ քարի և մետաղական կռածո, նախշազարդ ճաղերի համադրմամբ:


ՆԱԽԿԻՆ ՊՐՈԳԻՄՆԱԶԻԱ

1912 թ. կառուցված պրոգիմնազիայի այս շենքի կառուցումը պայմանավորված է պատվախնդիր ալեքսանդրապոլցիների՝ ժամանակի պահանջներին համահունչ, իրենց աղջիկ-զավակներին բազմակողմանի և պատշաճ կրթությամբ ապահովելու ձգտումով: Աղջիկների պրոգիմնազիան Ալեքսանդրապոլում գործել է դեռևս 1880-ականներից: Պրոգիմնազիան Ալեքսանդրապոլում, ինչպես և Ռուսական կայսրության այլ քաղաքներում կոչվել է Մեծ իշխանուհի Օլգա Ֆեոդորովնայի անունով:

Պրոգիմնազիայի կայացման և ուսումնական գործընթացի օրինակելի կազմակերպման գործում հսկայական ավանդ ունի Օլգա Անդրեասյանը, որն իր կյանքի շուրջ 60 տարիները նվիրել է Ալեքսանդրապոլի, ապա նաև Լենինականի դեռահաս աղջիկների կրթության շնորհակալ գործին:


ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Նախկին քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1890-ականներին քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից, ով տունը, որպես հարսանեկան օժիտ, նվիրել է աղջկան՝ Ջավահիր խանումին: Այս պատճառով էլ գյումրեցիներն առ այսօր տունն անվանում են «օժիտի տուն»: Ի դեպ Ջավահիր Դրամփյանը Գեղամ Տեր-Պետրոսյանի կինն էր, ով Պետական դումայի անդամ էր, ինչպես նաև՝  Ալեքսանդրապոլի առաջին քաղաքագլուխը: Կառույցն ունի ճարտարապետական և հատակագծային յուրօրինակ հորինվածք: Հուշարձանին հմայք է տալիս Ալեքսանդրապոլում հազվադեպ հանդիպող՝ առաջինից երկրորդ հարկ տանող շքաստիճանները: Շինության հյուսիսային և արևմտյան ճակատներին  ինքնատիպ շքապատշգամբներն են: Այս շենքում որոշ ժամանակ գործել է Ալեքսանդրապոլի քաղաքապետարանը:  Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է, ուր գործել են զանազան պետական, հասարակական և մշակութային հաստատություններ:


ԴՐԱՄՓՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ

Այս շինությունը պատկանել է հայտնի Դրամփյան ընտանիքին, կառուցվել է 1910-ականներին՝ որպես շահութաբեր տուն: Երկհարկանի է, ունի սրբատաշ շարվածք: Արևելյան ճակատային մասում շքապատշգամբն է, իսկ բակային հատվածի երկրորդ հարկը փայտյա նախշազարդ պատշգամբով է գոտևորված: 1920-ականներն ազգայնացվել է և երկար ժամանակ օգտագործվել է որպես ժողովրդական դատարան: Զգալի վնաս է կրել երկարաշարժի արդյունքում:


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ

Կառուցվել է Ալեքսանդրապոլի բնակիչների հանգանակած գումարների հաշվին քաղաքային զբոսայգում՝ նախկին գերեզմանոցի հարևանությամբ: Այն իր շուրջ 150-ամյա պատմության ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների և դժվար է նրա նախնական տեսքի վերաբերյալ որևէ եզրահանգում անել: Կառույցը բառի իսկական առումով հանդիսացել է ժողովրդական տուն: Այստեղ իրագործվել են քաղաքի շատ, թե քիչ նշանավոր ձեռնարկները՝ հասարակական նշանակության հարցերի համաժողովրդական քննարկումները, գրական-երաժշտական երեկոները, թատերական առաջին ներկայացումները և այլն:

1912 թ. այստեղ է կերտվել հայ մեծ երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջնախաղը: Այս շենքում 1930-ականներից մինչև 1960-ականներ գործել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ապա ծառայել է որպես Շինարարների մշակույթի պալատ: 1988 թ. երկրաշարժից հետո այստեղ գործել է «Շիրակ» հեռուստաընկերությունը:


ՆԱԽԿԻՆ ԲԱՂՆԻՔԻ ՇԵՆՔ

Պատկանել է քաղաքում հայտնի մեծահարուստ, հասարակական գործիչ, բարերար Գևորգ Կոստանյանին:  Կառուցվել է երկու փուլով: 1860-ականներին կառուցված առաջին հատվածը տիպիկ արևելյան ոճի է՝ բարձր, թաղակապ հանդերձարաններով և լողասրահներով: Ունեցել է տղամարդկանց և կանանց առանձնացված բաժիններ: Ի հաշիվ կառույցի բարձրության, նրա որոշ հատվածներ երկհարկանի են, որում առաջացած սենյակներն օգտագործվել են հանգստի և ճաշկերույթների նպատակով: Այստեղ են հիմնականում իրականացվել Ալեքսանդրապոլի ավանդական հարսանեկան ծիսական համակարգում առանձնակի կարևորվող հարսնաբաղնիքի և փեսաբաղնիքի արարողակարգը:

Բաղնիքի երկրորդ հատվածը կառուցվել է 20-րդ դարասկզբին, իր ժամանակի ճարտարապետական հորինվածքով, թաղակապ առանձնահամարներով, որոնք երեսապատված էին հախճապակյա գունավոր սալիկներով: 1988 թ. երկրաշարժից բաղնիքի շենքը զգալիորեն վնասվել է, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերականգնվել է և օգտագործվում է որպես ռեստորան, որտեղ հիմնականում մատուցվում են ազգային կերակրատեսակներ:


ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ

Տունը կառուցվել է առաջին գիլդայի աստիճան ունեցող վաճառական, հայտնի բարերար Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թվականին: Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն: Տեղանքի՝ արևելքից արևմուտք իջնող թեք հարթության հանգամանքը իր կնիքն է դրել շենքի ճարտարապետական և ինժեներական հորինվածքի վրա: Հուշարձանի արևելյան մասնաշենքը մեկ հարկանի է, արևմտյանը՝ երկհարկանի: Երկրորդ մասնաշենքի առաջին հարկը թաղակապ է՝ ինքնատիպ կոնստրուկտիվ լուծումներով: Կառույցն ունի երկու՝ ներքին և արտաքին բակեր, վերջինս պարսպապատ է կռածո մետաղական նախշազարդ ճաղերով: Շինությանն առանձին հմայք է հաղորդում կամարակապ դարպասը:

Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել է զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: 1984 թ. այստեղ բացվել և մինչև օրս գործում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը:


ՄԵՐԿՈՒՐՈՎՆԵՐԻ ՏՈՒՆ

Տունը հիմնադրել են 1869 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած Մերկուրովների ընտանիքի անդամները քաղաքի հունական թաղամասում: Այն մեկ հարկանի է, սրբատաշ, սև և կարմիր քարերի համադիր շարվածքով: Ինչ-ինչ պատճառներով շենքի կառուցումը մնացել է անավարտ. կիսակառույց է տան ամբողջ արևմտյան հատվածը: Սրբատաշ ճակատի փոխարեն կառուցվել է փայտյա նախշազարդ բաց պատշգամբ:

Այս տանը ծնվել է ապագա տաղանդավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը: 1980-ականներին քանդակագործի ցանկությամբ հուշարձան կառույցի վերականգնման և թանգարան ստեղծելու ընթացքում այն լրակառուցվել է, որի հետևանքով առաջացել է փոքրիկ ներքին բակ՝ կամարակապ դարպասով:


ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱԹԱՆԳԱՐԱՆ

1883 թ. կառուցված ճարտարապետական եզակի հորինվածով այս առանձնատունը պատկանել է քաղաքում հայտնի վաճառական Քեշիշյաններին: Կառուցված է սրբատաշ կարմիր և սև տուֆ քարի համադրությամբ: Ունի հետաքրքիր հորինվածքով իրականացված ներքին բակ, պարսպապատված սրբատաշ քարե շարվածքով: Արևմտյան ճակատային հատվածում, բնակելի կառույցին կից առկա է դեպի բակ տանող կամարակապ, շքեղ, նախշազարդ դարպաս: Տունը հեղափոխությունից հետո ազգայնացվել է և օգտագործվել որպես բազմաբնակարան բնակելի տուն: Հետագայում այն բնակիչներից ազատվել է և վերականգնումից հետո 2003 թվականին բացվել է որպես Հովհաննես Շիրազի հուշաթանգարան:


ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈՍՏ

Երկհարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով այս տունը կառուցվել է 1913 թվականին: Հավանաբար այն կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցած շենքի տեղում: Հարավ-արևելքից կից է Խաչատուր Աբովյանցին (Աբոյև) պատկանող երկհարկանի, բազմաշերտ քանդակազարդ քիվերով կառույցին: Հյուսիսային ճակատային մասի առաջին հարկի մի հատվածն օգտագործվել է որպես փոստային բաժանմունք, որի մուտքի վերևում ձևավոր փորագրությամբ գրված է կառուցման տարեթիվը:

Հուշարձանի բակային հարավային ճակատն ամբողջովին գոտևորված է երկհարկանի փայտյա նախշազարդ, ձևավոր պատշգամբով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն օգտագործվել է որպես բազմաբնակարան բնակելի տուն, իսկ փոստի հատվածը գործել է մինչև 1988-ի երկրաշարժը:


ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Միջնադարյան հայ դասական ճարտարապետական ոճով, կատարելության աստիճանի համամասնական չափերով, սրբատաշ շարվածքով և մեծ վարպետությամբ իրականացված կոթող է: Եկեղեցու հյուսիսային դռան վերևում տեղադրված մարմարյա սալիկի արձանագրությունը հավաստի տեղեկատվություն է հայտնում շինության անվան, կառուցման տարեթվի և այն միջոցների, որով այն իրականացվել է.

«Առատաբաշխ տրօք պայծառափայլ կնեազ Ղահրամանի Երկայնաբազուկ Արղութեանց և ջերմեռանդ հասարակութեան հայոց քաղաքիս կառուցավ Սուրբ Աստուածածին եկեղեցիս սկսեալ ի 1859 ամի փրկչական և ավարտեալ ի 1864 ամի»:

Ինչպես փաստում է նշված վիմագրությունը, եկեղեցին, հարավային դռան վերևում տեղադրված տիրամոր բարձրավանդակի վրա եղած թվագրությունը գոնե մինչև 1870-ականները կրել է «Սուրբ Աստվածածին» անունը: Հետագայում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կառուցվել է ներկայիս «Սուրբ Աստվածածին» («Յոթ վերք») եկեղեցին, իսկ  նախկինը վերանվանվել է «Սուրբ Նշան»:

Խորհրդային տարիներին՝ 1930-ականներին եկեղեցու՝ որպես պաշտամունքի կառույցի գործունեությունը դադարեցվել է և այն օգտագործվել է որպես պահեստ, պլանետարիում, թատրոն և այլն: 1988 թ. երկրաշարժին եկեղեցու գմբեթը և զանգակատունը խոնարհվեցին, այն վերականգնվել է նախագծային շեղումներով, որի հետևանքով էլ այն մասամբ կորցրել է իր նախկին համաչափությունն ու վեհությունը:


ՍԱՀԱԿԱՆՈՒՇՅԱՆ ԴՊՐՈՑ

Ալեքսանդրապոլում առկա բոլոր եկեղեցիների հարևանությամբ, որպես օրենք, գործում էին տղայոց կամ աղջիկների համար նախատեսված դպրոցներ: Բացառություն չէր նաև Սուրբ Նշան եկեղեցին, որի հարևանությամբ 1882 թվականին քաղաքի բնակիչների հանգանակած գումարների հաշվին և մեծահարուստ, ազգային բարերար Կարապետ Յուզբաշյանի նշանակալի աջակցությամբ բացվում է Սահականուշյան օրիորդաց դպրոցը: Այն զգալի դեր է ունեցել մանկահասակ աղջիկների կրթության և հայեցի դաստիարակության գործում: Որպես դպրոց գործել է մինչև Հայաստանի խորհրդայնացումը, որից հետո ծառայել է որպես բազմաբնակարան տուն: 1988 թ. երկրաշարժից մասամբ վթարվել էր, իսկ 2001 թվականին վերականգնվել է նորից որպես բնակելի տուն:


ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

Սուրբ Ամենափրկիչը կառուցվել է 1858-1872 թվականների ընթացքում, օծվել է 1873 թվականին: 1850-ականներին Ալեքսանդրապոլի ձևավորվող կենտրոնում արդեն կառուցվել և գործում էին հայ կաթոլիկների և հունական Սուրբ Գևորգ եկեղեցիները և Ալեքսանդրապոլի հայ առաքելական եկեղեցու հավատավոր բնակչության վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու համար, որոշվում է եկեղեցին կառուցել հիշյալ եկեղեցիների մեջտեղում այնպիսի չափերով, որ նա ստվերում թողներ գոյություն ունեցող երկու եկեղեցիները:

Ականատեսները պատմել են, որ եկեղեցու կառուցման օրը վերածվել է ժողովրդական տոնախմբության: Կանայք և աղջիկները գոգնոցներով են տեղափոխել հիմնահողը:

Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է հայտնի քարտաշ-որմնադիր, վարպետաց վարպետ ուստաբշի Թադևոս Անտիկյանը:

Եկեղեցու հատակագիծը նման է Անիի Մայր տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչը չափերով ավելի մեծ է, բարձր, հարուստ զարդաքանդակներով: Ըստ ավանդության Անտիկյան Թադևոսը հաճախ գնացել է Անի, ուսումնասիրել Մեծն Տրդատի կերտած հոյակապ Մայր տաճարը՝ վերադառնալով շարունակել Սուրբ Ամենափրկիչի կառուցումը:

Շինարարությունն իրականացվել է քաղաքի ողջ բնակիչների հանգանակած գումարներով: Ժամանակակիցների վկայությամբ քաղաքի բոլոր բնակիչների հավաքած գումարների չափով եկեղեցու շինարարությունը նվիրել է հայտնի բարերար, մեծահարուստ Դրամփյան ընտանիքը:

Թիֆլիում հրատարկվող«Մշակ» ամսագիրը 1872 թվականի համարներից մեկում գրում է. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչև հիմա 80 հազար մանեթից ավելի ծախք է տրված: Սա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»:

1930-ականներին եկեղեցին առգրավվում է պետության կողմից: 1932 թ. զանգակատունը պայթեցվում է, որը վերականգնվում է միայն 1964 թվականին: Եկեղեցին օգտագործվել է նախ որպես թանգարան, ապա՝ դասական երաժշտության համերգասրահ: 1988 թ. երկրաշարժից այն խոնարհվեց, իսկ վերակառուցումը դեռ ընթացքի մեջ է:


ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1870-ականներին արևմտաեվրոպական (հավանաբար իտալական) ճարտարապետական ոճով: Եկեղեցու կառուցումն ունի հետաքրքիր պատմություն: Երկար տարիներ Ալեքսանդրապոլում պահպանվել է Աստվածամոր անվան սրբապատկերը: 1860-ականների վերջերին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են տեղափոխել սրբապատկերները:

Քրիստոնեական ավանդներին հավատարիմ ալեքսանդրապոլցիները բնականաբար չէին կարող համաձայնել այս որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է, որ սրբապատկերը կմնա Ալեքսադրապոլում միայն այն դեպքում, որ նրա պահպանման համար կառուցվի նոր եկեղեցի: Եվ պատվախնդիր ալեքսանդրապոլցիները կառուցում են նոր եկեղեցի «Սուրբ Աստվածածին» անվանմամբ: Եկեղեցուն կից գործել է աղջիկների Արղության դպրոցը: Այժմ այն բնակելի տուն է:

Խորհրդային շրջանի միակ գործող եկեղեցին է եղել, որտեղ իրենց հոգևոր պահանջներն են բավարարել ոչ միայն Գյումրու, այլև հարևան Վրաստանի Ախալքալակի և Ախալցխայի հայ հավատացյալներ:

Եկեղեցու գմբեթի վեղարն եղել է փայտյա, քարով վերականգնվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Երկրաշարժի արդյունքում խոնարհվել էին նաև եկեղեցու զանգակատունը և երկու ռոտոնդաները, որոնք շատ արագ վերականգնվեցին: Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է Շիրակի թեմական առաջնորդական եկեղեցի:


ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

1870-80-ականներին մեծ տարածում գտած եռանավ, առանց կենտրոնական գմբեթի, փոքր զանգակատնով եկեղեցի: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է  «Ձորի մայլա» կոչվող թաղամասի բնակիչների հանգանակած գումարների հաշվին: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Այդ իսկ պատճառով ալեքսանդրապոլցիները եկեղեցին կոչել են «Գեղցոնց ժամ»: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո այն որպես եկեղեցի չի գործել, ծառայել է որպես պահեստարան:

1988 թ. երկրաշարխից եկեղեցին խիստ վթարվել էր, իսկ 2003 թվականին նրա արևմտյան պատը փլուզվեց: Եկեղեցուն կից գործել տղայոց «Խրիմյան դպրոցը», ուր երկար ժամանակ գործում էր քաղաքային տպարանը, իսկ այժմ այն հատկացված է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցին:

Call Now Button